Ի՞նչ եղավ, երբ ծաղկեփունջ գնեցին հուշանվեր 20 հազար դրամով
- 4 hours ago
- 2 min read

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 2005թ. ծնված Կարեն Քամալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի բնակիչ, 2005թ․ ծնված Արեն Յոլչինյանի հետ նախնական համաձայնությամբ իրացրել է կեղծ թղթադրամ` 20 հազար դրամանոց։ Նրանք 2023թ․ նոյեմբերի 8-ին, ժամը 14․50-ի սահմաններում գնացել են Նոյեմբերյան քաղաքի Երեւանյան փողոցում գործող «Գայանե Տիրացվան» ԱՁ-ի ծաղկի խանութի մոտ, թղթադրամը տվել են խանութի հաճախորդ Մարատ Լազարյանին, որ մանրի։ Վերջինս նրանց է վերադարձրել 15 հազար դրամ, իսկ 5 հազարը վճարել է խանութի աշխատողին՝ գնած ծաղկեփնջի համար։ Կ․ Քամալյանին եւ Ա․ Յոլչինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթուղթ, վճարահաշվարկային այլ փաստաթուղթ կամ վճարային գործիք պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը կամ ձեռք բերելը կամ դրանք իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»)։
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը հաստատված չի համարել, որ իրեղեն ապացույց համարված լազերային գունավոր տպագրման եղանակով պատրաստված մեկ հատ 20 հազար դրամ անվանական արժեքով օտարալեզու THIS NOTE A LEGAL TENDER, SOUVENIER MONY OF ARMENIA գրառումներով թղթադրամը կեղծված է, կամ այն ստեղծվել կամ այլ փոփոխությունների է ենթարկվել մեղադրյալների կողմից, եւ այդ մասով մեղադրանքը մերժվել է։ Բայց 2025թ․ դեկտեմբերի 1-ին դատավոր Սասուն Մխիթարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ») Կարեն Քամալյանին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 տարի ժամկետով, Քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատժին հաշվեկցել Կ․ Քամալյանի՝ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ 2 ամիս 2 օրը, եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 1 տարի 9 ամիս 28 օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված կանոնների համաձայն՝ վերացնել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023թ․ մարտի 20-ի դատավճռով Կ․ Քամալյանի նկատմամբ նախորդ մեղադրանքով պայմանականորեն չկիրառված պատիժը եւ դատավճիռների համակցությամբ, սույն քրեական գործով նշանակված 1 տարի 9 ամիս 28 օր ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2023թ․ մարտի 20-ի դատավճռով Քամալյանի չկրած 2 տարի 5 ամիս ազատազրկումը եւ վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանն Արեն Յոլչինյանի նկատմամբ էլ պատիժ է նշանակել հանրային աշխատանքներ՝ 126 ժամ տեւողությամբ, եւ տուգանք՝ 375 հազար դրամի չափով։
Քամալյանի պաշտպան Ներսես Չիլինգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով նրա նկատմամբ նշանակված պատժի տեսակի եւ չափի մասով բեկանել դատարանի 2025թ․ դեկտեմբերի 1-ի դատավճիռը եւ ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր դատաքննության։ Վերաքննիչ դատարանում նիստեր են կայացել։ Մարտի 24-ի նիստում որոշվել է Կ․ Քամալյանի նկատմամբ նշանակել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն։




















