top of page

«Ժողովուրդ». 65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության

  • 10 hours ago
  • 2 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի կողմից ուսումնասիրված պաշտոնական փաստաթուղթը նոր հարցեր է առաջացնում առողջապահական ոլորտում ֆինանսական թափանցիկության վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Առողջապահության նախարարության և «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված դրամաշնորհի հատկացման պայմանագրին, որի շրջանակում կենտրոնին տրամադրվել է մինչև 25 միլիոն դրամ պետական աջակցություն։

Փաստաթղթից պարզ է դառնում, որ գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։ Պայմանագրով հստակ նշվում է, որ իրականացվելիք միջոցառումները պետք է ներկայացված լինեն հավելվածներում, մասնավորապես՝ «Ծրագրի միջոցառման» և «աշխատանքային պլանի կատարողական հաշվետվության» տեսքով։

Սակայն փաստաթղթին կից չեն ներկայացվել ո՛չ միջոցառումների մանրամասները, ո՛չ էլ հաշվետվական որևէ տվյալ։ Այսինքն՝ հանրությունը զրկված է տեղեկանալու հնարավորությունից, թե կոնկրետ ինչ նպատակներով է ծախսվելու այդ 25 միլիոն դրամը և ինչ արդյունքներ են ակնկալվում։

Պետբյուջեից փոխանցված դրամական ծավալը փոքր չէ. ներկայիս փոխարժեքով այն կազմում է մոտ 60-65 հազար ԱՄՆ դոլար։ Հանրային միջոցների հաշվին նման ծախսը, առանց հստակ ծրագրային նկարագրության և հաշվետվողականության մեխանիզմների, լուրջ մտահոգություններ է առաջացնում։

Սա համակարգային հարց է՝ պետական ֆինանսավորման թափանցիկության և վերահսկողության վերաբերյալ։ Եթե պայմանագրերը հրապարակվում են պաշտոնական կայքում՝ ստիպված, բայց առանց անբաժանելի հավելվածների, ապա դրանք փաստացի դառնում են կիսատ տեղեկատվություն, չի ապահովում հանրային վերահսկողություն։

Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ պայմանագիրը կնքել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի պարտականությունները կատարող Ալեքսանդր Զուրաբյանը։ Նրանից առաջ տնօրենը խարդախության մեղադրանքով հեռացվեց պաշտոնից։

Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները «Հետք»-ին պատմել էին, որ տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում է աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ է տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։

Այնուհետև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Պարույր Ասրյանը, որը Ստեփանավանի բժշկական կենտրոնում աշխատում է 2020 թվականից՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

Հիմա արդեն տնօրենը Ալեքսանդր Զուրաբյանն է։

Առողջապահության նախարարությունը, ի դեմս՝ Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Պետական մարմին), մի կողմից, և ԱՆ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, ի դեմս տնօրենի պարտականությունները կատարող Ալեքսանդր Զուրաբյանի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ Կազմակերպություն), մյուս կողմից (այսուհետ՝ միասին՝ կողմեր), ղեկավարվելով Կառավարության 2026 թվականի մարտի 26-ի թիվ 379-Ն որոշմամբ, կնքեցին Դրամաշնորհի հատկացման պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)՝ հետևյալի մասին.

Պայմանագրի առարկան


1.1. Սույն Պայմանագրով Պետական մարմինը պարտավորվում է 2026 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 1126 «Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի 12006 «Առողջապահական համակարգի պետական առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին ֆինանսական աջակցության հատկացում» միջոցառման (Ծրագրի միջոցառում) իրականացման նպատակով Կազմակերպությանը հատկացնել՝ մինչև 25,000,000.0 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամ գումար, պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրում, իսկ Կազմակերպությունը պարտավորվում է Ծրագրի միջոցառումն իրականացնել Որոշմամբ և սույն պայմանագրով սահմանված կարգով։


1.2. Կազմակերպության կողմից իրականացվելիք միջոցառումները (այսուհետ՝ միջոցառումներ) ներկայացված են Պայմանագրի Հավելված 1-ում։


1.3. Սույն պայմանագրի անբաժանելի մասն են կազմում հետևյալ հավելվածները՝ Հավելված 1. ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ, Հավելված 2. Ծրագրի միջոցառման աշխատանքային պլանի կատարողական հաշվետվություն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2687
bottom of page