Եկեղեցու դեմ խուլիգաններին զանգվածային անկարգությունների է մղում Փաշինյանը. Տեր Վրթանես
- Elen Hovsepyan

- 20 hours ago
- 2 min read

«Կարծում եմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում, և քրիստոնեական սիրով խոսեն քահանաների հետ, որպեսզի նրանք պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ, խմբ.) անունը»։ Նման հայտարարություն է այսօր արել Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկեղեցին «բարեկարգելու» իր ծրագրին։
Ինչպե՞ս պետք է քաղաքացին մոտենա հոգևորականին և ասի, թե պետք է պատարագի տեքստը խմբագրել, ինչ է թե այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը։ Կամ այդ ո՞ր Փաշիյանին չմիացած և Վեհափառ Հայրապետին ու Հայ Առաքելական եկեղեցուն հավատարիմ մնացած հոգևորականը կգնա նման քայլի։ Եվ ընդհանրապես, ինչի՞ մասին էր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնողի հայտարարությունը։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի հետ։
«Իր ենթակայությամբ գործող խուլիգաններին զանգվածային անկարգությունների է մղում Փաշինյանը։ Եկեղեցական ծեսը խոչընդոտելու հանձնարարական է սա»,- նշեց Տեր Վրթանեսը։
Հոգևոր հովիվը չի կարող երաշխավորել՝ որևէ մեկը կգնա՞ նման քայլի, թե՞ ոչ, բայց ով էլ Նիկոլ Փաշինյանի այս «ապօրինի» հանձնարարականը կատարի, անկախ նրանից իր դեմ ինչ կոմպրոմատներ կան, բայց վստահեցնում է՝ նման հոգևորականները հարգանքի արժանի չեն լինի։
«Բարոյական արժանիք չունեցողները նման ծառայություններ կմատուցեն։ Իսկ այս հրահանգը կկատարեն Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի նման մարդիկ՝ հոգևորականներին ու հավատացյալ ժողովրդին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, կամ ծեսը խոչընդոտելով։ Իրենց մոտեցումը քրիստոնեական չէ, իրենք ոչ թե Քրիստոսին կողմ են, այլ Քրիստոսի օծյալ քահանայապետին, մեր սուրբ եկեղեցուն, ուխտապահ հոգևոր դասին, հավատացյալ ժողովրդին դեմ են։ Իսկ Փաշինյանը, լավագույն բանը, որ կարող է անել, անցնցում հեռանալն է, որովհետև ինքն անկարող է երկիր կառավարել»,- նկատեց Տեր Վրթանես Բաղալյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը, եթե կարող ղեկավար լիներ, ապա թոշակները բարձրացնելու մասին կմտածեր, արցախահայերի՝ Արցախ վերադարձի մասին կմտածեր, Արցախի եկեղեցիները պաշտպանելու մասին կմտածեր։
«Թող չմիջամտի եկեղեցու գործերին։ Վատթարագույն բանը, որ ինքը կարող է անել, եկեղեցու գործերին միջամտելն է, և ինքն անամոթաբար դա անում է՝ խախտելով բոլոր օրենքները»,- ամփոփեց խոսքը Տեր Վրթանեսը։
Նարե Գնունի




















