Սուրեն Պապիկյանը իր իսկ հրամանով սահմանված գաղտնի տեղեկություններ է հրապարակել
- Elen Hovsepyan

- 5 days ago
- 1 min read

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2026 թվականի հունվարի 13-ին կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էր.
«Վերջին մեկ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի արդյունքում հորդորել եմ և կամ իմ որոշմամբ աշխատանքից ազատել եմ ՊՆ համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն զավակներ՝ այլ երկրի քաղաքացի»:
Հաշվի առնելով նախարարի հնչեցրած պատասխանի՝ իրավական տեսանկյունից խնդրահարույց լինելը, NEWS.am-ը գրավոր հարցում էր ուղարկել նախարարություն՝ պարզելու, թե 2021 թվականից մինչ օրս ՀՀ պաշտպանության նախարարության՝ այլ երկրի քաղաքացի հանդիսացող զավակներ ունեցող քանի՞ աշխատակից է ազատվել աշխատանքից, ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե նորմատիվ իրավական ի՞նչ ակտերի հիման վրա են ազատվել աշխատակիցները, ինչպես նաև՝ ի՞նչ հիմնավորում է նշվել ազատման հրամաններում:
Պատասխանելով այս հարցերին, ՊՆ-ից նախ հայտնել էին, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությունում մի շարք պաշտոններ զբաղեցնող անձինք աշխատանքից ազատվել են իրավական հիմքերով՝ օրինակ հերթական պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով, ինչպես նաև սեփական դիմումի համաձայն: Նախարարությունից միաժամանակ հրաժարվել են հայտնել պաշտոնից ազատված ՊՆ աշխատակիցների թվաքանակը՝ հղում կատարելով ՀՀ պաշտպանության նախարարի 2024թ. մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N797-L հրամանի հավելվածի 14-րդ բաժնի 97-րդ կետը, ըստ որի զինվորական ծառայությունից արձակված զինծառայողների թվաքանակը հանդիսանում է գաղտնագրման ենթակա տեղեկություն:
Ուշագրավ է, որ Սուրեն Պապիկյանի կողմից ստորագրված հրամանի համապատասխան հավելվածի նույն՝ 97-րդ կետում գաղտնի տեղեկություն է համարվում նաև զինվորական ծառայությունից արձակման պատճառները բացահայտող պարբերական կամ ամփոփ տեղեկությունները:
Փաստորեն ստացվում է, որ Սուրեն Պապիկյանը խախտել է իր իսկ կողմից ստորագրված հրամանը և անզգուշորեն կամ կանխամտածված հրապարակել գաղտնի տեղեկություններ:




















