Սա մաքուր տնտեսական վեճ չէ, մենք համաձայն չենք ՌԴ գործընկերների հետ. Գևորգ Պապոյան

«Ի՞նչ է սպասվում մեր գյուղացիներին։ Ձեզանից շատ որևէ մեկը չի շփվում ԵԱՏՄ անդամ պետութունների, Ռուսաստանի հետ։ Ձեզանից ավել ոչ մեկը չգիտի, թե այդ հարաբերություններն լավ են, թե վատ»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ-ի ապրանքների դեմ ԵԱՏՄ-ում եղած սահմանափակումների խնդրին։
Նա դրական համարեց, որ ԱՄԷ-ի հետ առևտրաշրջանառութունը խթանող համաձայնագիր է մշակվում, բայց կա լոգիստիկ և «քիմքի» խնդիրը՝ պարզաբանելով, որ Ֆրանսիայում չեն հասկանում պոպոկի մուրաբան ինչ է և կոմպոտները չեն ընդունում։
«Մեր հարաբերություններն ի՞նչ փուլում են և գյուղացիներն ի՞նչ ակնկալեն։ Այս տարի բնությունը բարենպաստ չէր, քիչ էր բերքը, ակնկալվում է, որ հաջորդ տարի բարենպաստ կլինի»,-հարցրեց Մանուկյան։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ սա մաքուր տնտեսական վեճ չէ երկու երկրների միջև, մենք այդպես ենք դիրքավորել մեզ և մենք համաձայն չենք ՌԴ գործընկերների կարծիքի հետ, այդ պատճառով դիմել ենք կոլեգիա, որպեսզի այն համարվի արգելապատնեշ»։
Նախարարը բացատրեց, որ այն սահմանափակումները որոնք դրված են հայկական ապրանքների, մասնավորապես՝ դեղձի նկատմամբ, սխալ են, որովհետև սահմանափակումը դրվել է մայիսին, երբ դեղձը հասունանում է հուլիս-հոկտեմբեր ամիսներին։
«Ի՞նչ իմացաք այդ խնդիրների մասին, որ նախապես կորիզավորների, մասնավորապես՝ դեղձի նկատմամբ նման սահմանափակուներ մտցրեցիք։
Մնեք համարում ենք որ մեր նկատմամբ սահմանափակումները ճիշտ չեն և դիմել ենք, որպեսզի համարվի արգելապատնեշ, եթե այն ընդունվի ապա 30 օրվա ընթացքում երկիրը պարտավոր է բացել սահմանը»,- ասաց Պապոյանը՝ միևնույն ժամանակ այն դժվար ընդունելի սցենար համարեց, որովհետև նման որոշումները ԵԱՏՄ-ում կոնսենսենսուսով են ընդունվում, այսինքը նաև ՌԴ-ն պետք է կողմ լինի, իսկ դիմումի արդյունքը կլինի նոյեմբերի 3-ին նախատեսված նիստում։




















