«Հարավկովկասյան երկաթուղով» գնում ես, գնում ես, «չուկ-չակ-չարակ-չակ» ու պրծնում ա ճանապարհը

«Համեմատեցիք կոնցեսիոն իրավունքների հետ, իսկ կոնցեսիոն կառավարման տակ միայն Հարավկովկասյան երկաթուղիներն են, եթե դժվար չէ, կհիշեցնեք՝ արդյո՞ք Հարավկովկասյան երկաթուղիների կոնսեսիոն պայմանագրի մեջ հղում կա՞ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության, անխոչընդոտ անցման մասին, թե՞ ոչ»․- այս մասին ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով․ «Բանականությունն ասում է՝ կոնցեսիոն կառավարչի գործը չի, ես իմ ինքնիշխան իրավազորությունը ում՝ կտամ, ում՝ չեմ տա»։
Խաչատրյանի հաջորդ հարցը վերաբերում էր ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտուն ։
«Հետևել եմ օգոստոսի 8-ին ստորագրման արարողությանը։ Նիկոլ Փաշինյանի կողքը նստած Դոնալդ Թրամփը օգտագործել է «հատուկ տարանցման գոտի» արտահայտությունը։Եվ պարոն Թրամփի կողքը նստած պարոն Փաշինյանը չի ասել այդտեղ հատուկ տարանցման գոտի չի,դա կոնսեսիոն իրավունք է ընդամենը։ Միգուցե հենց այդ ժամանակ այդ հարցը փակվեր և այս հարցը չառաջանար»,- ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «ՀՀ ինքնիշխան ամբողջ տարածքը կարող է օգտագործվել Հայաստանում ցանկացած նախագիծ իրականացնելու համար։ Բա ինչի՞ ենք ասում երկաթուղին այնտեղով է անցնում։ Ինչ վերաբերում է ձեր ասած՝ Թրամփի հայտարարությանն, ապա էդ հայտարարությունից հետո կողմերի միջև տեղի են ունեցել բանակցություններ, տեքստը համաձայնեցվել է և վավերացվել։ Ի՞նչ կապ ունի՝ ես ինչ եմ ասել»։
Խաչատրյանը հստակեցրեց հարցը․ «եթե փորձագիտական մակարդակի չունեիք այդ գիտելիքը, գուցե պարոն Գրիգորյանն ավելի մանրամասն պատասխանի։ Հարցս հետևյալն է՝
«Հարավկովկասյան երկաթուղիների» հետ համաձայնագրում արդյոք համաձայնեցված է ՝ խոչընդոտո՞վ են անցնում գնացքները, թե՞ անխոչընդոտ»։
Փաշինյանը պատասխանեց․ ««Հարավկովկասյան երկաթուղին» աշխատում է հետևյալ կերպ՝ գնում ես, գնում ես, գնում ես, մեկ էլ ճանապարհը պրծնում է։ Մի ուրիշ ուղղությամբ ես գնում ես, գնում ես, գնում ես, էլի պրծնում ա։ Երրորդ ուղղությամբ էլի գնում ես, գնում ես, «չուկ-չակ-չարակ-չակ» ու պրծնում ա ճանապարհը։ Դրա համար համաձայնագրի մասին հարց տալուց առաջ պետք ա բարի լինեինք՝ կարդայիք պայմանագիրը։ Էս ճանապարհը պետք ա շարունակվի»։




















