top of page

«Պետականության հաշվին ոչ մի «խաղաղություն» չի կարող կայանալ»․ Մհեր Մելքոնյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 14 minutes ago
  • 1 min read
ree

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության անկախության պատմության ամենախոցելի հանգրվանին ենք ականատես լինում այսօր։ Եվ այդ խոցելիությունն այլևս արդյունք չէ արտաքին ճնշումների միայն։ Այն դարձել է սերտաճած հետևանք փաշինյանական իշխանության վարած վտանգավոր, դավաճանական և պետականության հիմքերը խարխլող քաղաքականության։


Գործող հակապետական իշխանությունը որդեգրել է ազգային ինքնության ժխտման, պատմական փաստերի վերանայման և պետական շահը զոհաբերելու ուղին։ Այս ամենը մատուցվում է իբրև «խաղաղության օրակարգ», բայց փաստացի հանդիսանում է քաղաքական կամքի բացակայության, ազգային անվտանգության համակարգերի կազմաքանդման և պետական դիմադրողականության զրոյացման գործընթաց։


Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն բխում է ուժի, արժանապատվության և իրավունքի դիրքից։ Խաղաղություն, որը կառուցվում է միակողմանի զիջումների, պատմական ժառանգության հերքման և ինքնիշխանության հաշվին, ենթադրում է ոչ թե կայունություն, այլ վերահաս նոր ճգնաժամ՝ խորքային և անդառնալի։


Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը դրված է իրական սպառնալիքի տակ։ Տարածքային զիջումներն արդարացվում են խաղաղության անվան տակ, բայց խաղաղություն չի կարող ապահովվել այնտեղ, որտեղ սահմանները որոշվում են սպառնալիքով, պարտադրանքով կամ թշնամու միակողմանի թելադրանքով։


Իշխանություն, որը հրաժարվում է հայկական պատմական տարածքներից, հարցականի տակ է դնում արցախահայության իրավունքները, և իր գործունեությամբ նպաստում է թշնամու ռազմավարական նպատակների իրագործմանը, չի կարող հանդես գալ որպես Հայաստանի շահերի կրող։ Իսկ առանց ազգային շահի կրող իշխանության խաղաղության ցանկացած նախաձեռնություն՝ լեգիտիմ չէ, իրավական իմաստով՝ անթույլատրելի, իսկ պատմական առումով՝ դատապարտելի։


Պետականության հաշվին ոչ մի «խաղաղություն» չի կարող կայանալ»։

 
 
bottom of page