top of page

Դավիթ Համբարձումյանին ազատազրկելով՝ փորձում են խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին. ՀՀԿ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 23
  • 1 min read
ree

Գործող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգը երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին այսօր հերթական բացահայտ կամակատարության ռեկորդն է սահմանել։ Այս մասին ասվում է ՀՀԿ ԳՄ հայտարաության մեջ, որը վերաբերում է Մասիս համայնքի ղեկավարի ազատազրկման որոշմանը։

«Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին կամակատար դատարանը 7 տարուց ավելի վաղեմություն ունեցող գործով կայացրեց այնպիսի դատավճիռ, որով երկարատև անազատության դատապարտելով Դավիթ Համբարձումյանին, փորձում է խոչընդոտել վարչապետին անվստահություն հայտնելու մեկնարկած սահմանադրական գործընթացը։

Տվյալ զարհուրելի դրսևորումը Հայաստանում խորացող ավտորիտարիզմի, ժողովրդավարական հետընթացի, ազգային կառույցների ու գործիչների, ժողովրդի քվեն ստացած և ընտրված ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քաղաքական հետապնդումների շարքում հերթականն է, որով փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

1. Խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը։

2. Իր աջակցությունն է հայտնում Դավիթ Համբարձումյանին, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալներին և քաղհալածյալներին։

3. Կրկին արձանագրում է, որ երկրի դատական համակարգը կախյալ է և քաղաքականացված։

4. Հայտարարում է, որ բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է աննահանջ պայքարը գործող ռեժիմի դեմ»,– ասվում է հայտարարության մեջ։

 
 
bottom of page