Երևանի կենտրոնում մի հսկա տարածք գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվաճառվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 29–ի նիստում որոշեց Կենտրոն վարչական շրջանում գտնվող 81 հա տարածքը գերակա շահ ճանաչել և սեփականաշնորհել կառուցապատողին, իսկ դրա համար նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին նոր լիազորություն տալ պայմանագիր ստորագրելու համար։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Երևանի ավագանու որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Երևանի Կենտրոնի հարավ-արևմտյան տարածքում /մոտ 81 հա/` Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով՝ Երևանյան լճից դեպի Հաղթանակի կամուրջ` «Պասկևիչի բլուր»-ի և դրա հարակից մասում նախատեսվում է բազմաֆունկցիոնալ` բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային միջազգային կենտրոնի հիմնում մեծածավալ հասարակական բնույթի կառուցապատմամբ, բնակելի և համաքաղաքային նշանակության հանգստի գոտու ստեղծմամբ:
Տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի քաղաքապետին դիմել է մասնավոր ընկերությունը՝ ներկայացնելով աշխատանքյաին էսքիզը և քաղաքաշինական ծրագրի ամփոփ հայեցակարգը:
Համաձայն «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի՝ եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որով սահմանվում են սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:
Եթե ձեռքբերողը Երևանի համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևանի վարչական տարածքում, ապա ՀՀ կառավարությունն իրավունք ունի սույն մասով պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
Ելնելով վերոգրյալից՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվանումով տարածքի և հարակից տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու համար անհրաժեշտ է ձեռքբերող ընկերության հետ կնքել սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր։
Ներկայում Տարածքի զգալի մասը հիմնականում օգտագործվում է գյուղատնտեսական, մասնավորապես՝ այգեգործության նպատակներով, և մնացած մասը զբաղեցնում են անհատական բնակելի տները (մի մասը ապօրինի և/կամ ինքնակամ), դրանց տնամերձ հողամասերը և փողոցները:
Կախված իրացման ծավալներից` Ծրագիրը կարող է իրականացվել փուլային եղանակով կամ ամբողջությամբ: Կառուցապատման հայեցակարգը հիմնավորվում է գոտու բարձր քաղաքաշինական արժեքի, տարածքային ռեզերվների, կենտրոնի նկատմամբ ազգային և միջազգային աճող ներդրումային հետաքրքրության, միջազգային կազմակերպությունների և սփյուռքի կողմից էական ներդրումային և քաղաքի արդիականացման ու վերակառուցման հետևողական փորձի վրա:
Նախագծով նախատեսվող հիմնական հատակագծային և գործառական լուծումներն են՝
Երևան-Դաունթաուն՝ միջազգային գործարար բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծում (բանկեր, օֆիսային կառույցներ, հյուրանոցներ և այլն),
Միջազգային մշակութային կենտրոնի ստեղծում,
Միջազգային ներկայացուցչությունների և կազմակերպությունների գրասենյակային տարածքների կազմակերպում,
Համաքաղաքային նշանակության հանգստի գոտի՝ կանաչ տարածքների և բնական լանդշաֆտի պահպանմամբ, ընդլայնմամբ և լրացուցիչ ջրային մակերեսների ստեղծմամբ,
Բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մարզահրապարակներ, մարզադահլիճներ և սոցիալական այլ ենթակառուցվածքներ,
Առանձին բնակելի թաղամասեր՝ դիվանագետների համար»:




















