ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ՄԵԾ ՍԻՐԱՀԱՐԸ
- 1 hour ago
- 2 min read

«Քաղաքակիրթ երկրներում ոչ մի թե՛ նախկին, թե՛ գործող նախագահ, վարչապետ կամ նույնիսկ նախարար լրագրողի կամ թերթի դեմ դատ չի բացում։ Նա հնարավորություն ունի հերքելու իր հասցեին ուղղված ցանկացած վիրավորանք կամ զրպարտություն, այն էլ՝ որեւէ լրատվամիջոցից հարյուրապատիկ ավելի մեծ տպաքանակով կամ եթերաժամով։ Եթե դա չի անում, ուրեմն վստահ չէ, որ ժողովուրդը կհավատա իրեն, այդ պատճառով փորձում է լրագրողի բերանը փակել դատարանի միջոցով… Իմ հասցեին մամուլում հազարավոր վիրավորանքներ ու զրպարտություններ են հնչել թե՛ անցյալում, թե՛ այժմ, բայց իմ մտքով երբեւէ չի անցել դատի տալ որեւէ լրագրողի կամ թերթի»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը 2009 թվականին:
Այս պարզ բանը, սակայն, ՔՊ-ական իշխանավորներից շատ քչերն են հասկանում, այս իշխանությունը լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելու առումով ռեկորդակիր է: 2026 թվականի առաջին երկու ամսում միայն երեք նոր դատական հայց է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Առաջ դատարան դիմելու սիրահարներ էին պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տիգրան Ավինյանը, իսկ վերջին մեկ-երկու տարում` Ալեն Սիմոնյանն է առաջին հորիզոնականում: Նա դատի է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մի ընդդիմադիր երիտասարդի` Մանուել Մանուկյան անունով, մի բլոգերի` Սամվել Աշոտյան անունով: Լրագրողներից անցել է բլոգերներինն ու քաղաքական ակտիվիստներին:
Ալեն Սիմոնյանը դատարանից պահանջում է` Պարտավորեցնել բլոգեր Աշոտյանին հրապարակայնորեն հերքել Պատասխանողի ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում հղմամբ 11.10.2025 թվականին հրապարակված Տեսանյութի զրպարտություն համարվող փաստացի տվյալները` այսպես՝ «Ես` Սամվել Սամվելի Աշոտյանս զրպարտել եմ Ալեն Ռոբերտի Սիմոնյանին», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝««Իմ Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում 11.10.2025 թվականին հարապարակել եմ Տեսանյութ`«Կազինոները` բազր հովանու ներքո» վերնագրով։ Հայտնում եմ որ տեսանյութում ներկայացվել են տեղեկություններ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և ես զրպարտել է պարոն Սիմոնյանին» կամ ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջով նշված բովանդակությամբ տեսանյութի հրապարակման անհնարինության դեպքում առնվազն 5 000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլում տեղադրել հայտարարություն: Պատասխանող՝ Սամվել Սամվելի Աշոտյանից հօգուտ Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում, ինչպես նաեւ 410 հազար դրամ՝ որպես դատական ծախս:
Մանուել Մանուկյանից Ալեն Սիմոնյանը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել. «Ես՝ Մանուել Մանուկյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «16.01.2026թ.-ին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ «Հոգին` մարմնի դիմաց» վերնագրով հրապարակում, որը վերաբերում է պարոն Սիմոնյանին: Հայտնում եմ, որ Հրապարակումը պարունակում է վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»: Պատասխանող Մանուկյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 900 հազար դրամ՝ որպես Հրապարակման մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, եւս 100 հազար դրամ՝ որպես զրպարտության համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաեւ բռնագանձել ընդհանուր 550 հազար դրամ` որպես դատական ծախսերի հատուցման գումար:
Իսկ ՀՀ երկրորդ նախագահից Ա. Սիմոնյանը պահանջում է` հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից եւ տեղադրել հայտարարություն Ֆեյսբուքում կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլու. «Ես՝ Ռոբերտ Քոչարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «29.01.2026թ.-ին իմ կողմից հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կատարել եմ վիրավորական արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»: Ռոբերտ Քոչարյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 1 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում եւ 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում:
ՀԳ Նկատենք, որ Հայաստանում որեւէ տպագիր մամուլ այսօր 5 հազար տպաքանակով չի տպագրվում` ՔՊ-ական իշխանությունը թերթերի տպագրությանը 8 տարում միայն վնաս է պատճառել, նվազեցրել թերթ գնողների քանակը, դադարեցրել գերատեսչություններում թերթերի բաժանորդագրությունը, չի կարգավորել թերթերի տարածումը եւ այլն, ուստի հայցվորի պահանջներից գոնե մեկը կատարման ենթակա չէ:




















