Բագրատ և Արշակ Սրբազանների հայտարարությունը՝ կալանավայրից
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Հրապարակվել է Բագրատ արք․ Գալստանյանի և Արշակ արք․ Խաչատրյանի հայտարարությունը․ «Հակաեկեղեցական հրոսակախումբը իր տխրահռչակ պարագլխի բացահայտ հովանավորությամբ դեկտեմբերի 18-ին կրկին ներխուժեց Մայր Աթոռ, փորձելով ասպատակել նվիրական սրբավայրը։
Քստմնելի էր արշավորդների առաջին շարքերում տեսնել տիրադավությունն իրենց ճակատին որպես աղվեսադրոշմ դաջած դեռևս բարձրաստիճան հոգևորականներին, որոնք ոստիկանական շարքերի հետևում էին ծվարել՝ շփոթված և շվարած հայացքներով։
Ակնհայտ է, որ իրենք ևս հասկանում են, որ ընտրել են ինքնաոչնչացման և ինքնաժխտման ճանապարհը՝ խամաճիկ դառնալով խառնակիչ տիկնիկավարի ձեռքին, որը կարճ ժամանակ հետո իրենց ևս զոհաբերելու է ատելության և թշնամության իր արյունածարավ կուռքին։
Մայր տաճարի պատերը շատ ասպատակողների են տեսել՝ սա էլ տեսան (բոլորն էլ փոշիացել են) և այդ առումով դեկտեմբերի 18-ը կմնա մեր նորագույն պատմության խայտառակ ու ամոթալի էջերից մեկը։
Այս ամոթալի պատկերի դիմաց առանձնակի հիացմունքով ենք անդրադառնում մեր ուխտապահ եկեղեցականներին և հավատացյալ ժողովրդի խիզախ կեցվածքին, որը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ մարդու մեջ չի կարող սպանվել ինքնության զգացումը՝ անկախ հալածանքների սաստկությունից։
Մեր և կալանավորված մեր մյուս հոգևոր եղբայրների՝ Միքայել և Մկրտիչ սրբազանների անունից, մեր հավատարմությունն ենք հայտնում Ամենայն Հայոց Հայրապետին և Լուսավորչի գահին, և մեր զորակցությունը զինվորյալ և նվիրյալ հոգևոր դասին և ժողովրդին։ Առանձնակի ջերմությամբ աղոթում ենք Տեր Վրթանես քհն․ Բաղալյանի շուտափույթ ապաքինման համար։
Թող մեր տերը անխախտ ու անսասան պահի Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, մեր համբուրելի և խոցված հայրենիքն ու ժողովրդին, որպեսզի մեր կյանքից մեկնի մեգը, մերժվի մառախուղը, վերանա մութը, չքանա չարիքը, հալածվեն հուսահատությունները և թագավորի Տիրոջ ամենակարող ձեռքը»։




















