top of page

Հայաստանում ոչ աշխատանքային օր է. Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 27
  • 1 min read


Հայաստանում այսօր ոչ աշխատանքային օր է։ Առաջին անգամ նշվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն ու  իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Վաղ առավոտից ոստիկանական գվարդիայի մեծաթիվ աշխատակիցները ծառայություն էին իրականացնում Եռաբլուի տարածքում։ Մինչև Փաշինյանի և իշխանության ներկայացուցիչների այցն ու այդ ընթացքում  Եռաբլուր մուտքը բոլոր կողմերից սահմանափակված է եղել։  

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի հեղինակներ են ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը: 

Նախագծի ներկայացման ժամանակ Ռուբինյանն ասել էր, որ հունվարի 27-ն է ընտրվել, քանի որ այն որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ կապ չունի, բայց ունի որոշակի տրամաբանություն և խորհուրդ. «Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օր: Առաջին օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ՝ կտոնենք բանակի օրը»։ Նա նաև նշել էր, ոև սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարեւորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք: ԱԺ փոխնախագահի խոսքով, սա սգո օր չէ, այլ հիշատակի ու խոնարհումի օր է:

 
 
1/2572
bottom of page