«ՀՐԱՊԱՐԱԿ». ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ 2 ՄԱՐԴ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ Է
- Elen Hovsepyan
- 4 days ago
- 1 min read

Վարչական դատարանում հարուցված գործի շրջանակներում օգոստոսի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ էր իրականացրել դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Լուսինե Բոյաջյանի եւ Մհեր Պետրոսյանի աշխատասենյակներում: Գրել էինք, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է փաստաբան Արմեն Օհանյանը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս գործով եւս մեկ անձ կա կալանավորված: Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կոմունալ տնտեսության, ԲՇԿՄ բաժնի նախկին պետ Աշոտ Խաչատրյանն է, որը, ըստ մեղադրանքի, փաստաբան Արմեն Օհանյանի միջոցով խոշոր գումարի կաշառք է տվել դատավորներին` իրեն անհրաժեշտ հողատարածքի հետ կապված դատական պրոցեսն իր ուզած ելքով ավարտելու համար։
Շրջանառվող լուրերի համաձայն` իրավապահները գաղտնալսել են Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակը, որտեղ էլ երեք դատավորով զրույց են ծավալել այս գործարքի մասին։
Դատավորները, որոնց աշխատասենյակում խուզարկություններ են իրականացվել, այս գործով դեռեւս որեւէ իրավական կարգավիճակ չունեն, նրանց դեմ քրեաիրավական պրոցես սկսելը բարդ է, քանի որ գլխավոր դատախազը նախ պետք է դիմի Բարձրագույն դատական խորհրդին՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար, ապա միջնորդություն ներկայացնի դատարան։
Նշենք նաեւ, որ վարչական շրջանի նախկին աշխատող Աշոտ Խաչատրյանն անցնում էր նաեւ մեկ այլ գործով․ 2023 թ. նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ՔՊ-ական ղեկավար Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի աշխատակցի՝ խոշոր չափերի յուրացումների համար, այդ թվում` Խաչատրյանին, բայց այս գործով դատարանն արդարացման դատավճիռ է արձակել, մեղադրանքը դատարանում փլվել է։