top of page

Սեպտեմբերի 2-ն այսօր դարձել է մեր ազգային մեծագույն կnրուստների օր, բայց այն պետք է դառնա նաև հավաքվելու և ամրապնդվելու օր. Նաիրի Սարգսյան

  • 1 hour ago
  • 1 min read


Սեպտեմբերի 2-ն այսօր դարձել է մեր ազգային մեծագույն կորուստների օր, բայց այն պետք է դառնա նաև հավաքվելու և ամրապնդվելու օր Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է։

Անկախություն, որի համար իրենց կյանքը նվիրաբերեցին հազարավոր հայորդիներ։ Օր, որը տարիներ շարունակ նշվում էր ոչ միայն մեծ շուքով, այլև սեփական ուժի նկատմամբ հավատով, արժանապատվությամբ և ապագային հաղթողի հայացքով նայելու համոզմամբ։ Այսօր, ցավոք, ոչ թե նշում, այլ հիշում ենք՝ հնարավորություն չունենալով անգամ հանուն Արցախի անկախության զոհված մեր բազմաթիվ հերոսների շիրիմներին այցելելու։

Սեպտեմբերի 2-ն այսօր դարձել է մեր ազգային մեծագույն կորուստների օր։

Բայց այն պետք է դառնա նաև չհանձնվելու մասին խոսելու, հուսահատությունից ոչ թե ավելի թուլանալու, այլ հավաքվելու և ամրապնդվելու օր։

Արցախը հայաթափված է, բռնազավթված, արցախահայությունը՝ բռնի տեղահանված, Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու այլ հայ գերիներ շարունակում են ենթարկվել անմարդկային վերաբերմունքի։ Եվ այս ամենի պայմաններում Հայաստանի իշխանությունը «Խաղաղություն» կեղծ օրակարգի անվան տակ փորձում է մոռացության տալ ոչ միայն մեր վիշտն ու ներկայի բազմաթիվ խնդիրները, այլև անգամ իրականանալի այն ապագայի տեսլականը, որտեղ Արցախը կրկին հայկական է։

Մեր կորուստը պետք է դառնա կամք, մեր ցավը՝ ուժ, իսկ Սեպտեմբերի 2-ը՝ ոչ թե միայն անցյալի հիշատակի, այլ նաև արդարության վերականգնման և հաղթանակի հավատարմության օր։

Արցախը մեր հայրենիքի նվիրական մասն է։ Իսկ արցախահայության վերադարձի իրավունքը ոչ ոք իրավունք չունի հանձնելու որևէ քաղաքական գործարքի կամ իշխանության պահպանման գնով։ Իշխանությունները փոխվում են, քաղաքական օրակարգերը փոխվում են, բայց հայրենիքի նկատմամբ մեր իրավունքն ու պատասխանատվությունը չեն կարող փոխվել»,- նշել է նա։

 
 
1/2903
bottom of page