top of page

Շքեղ առանձնատուն, ընտանիք և գաղտնի փախուստ. ինչպես է ձերբակալվել Իտալիայի ամենափնտրվող մաֆիոզներից մեկը

  • 5 hours ago
  • 1 min read


Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է Նեապոլի խոշորագույն հանցավոր խմբավորումներից մեկի՝ «Կամորայի» տխրահռչակ Մազարելա կլանի ղեկավար Ռոբերտո Մազարելային. հայտնում է The Guardian-ը։

Նա երկրի ամենավտանգավոր փախստականներից մեկն էր և 2025 թվականի հունվարի 28-ից հետախուզվում էր սպանության մեղադրանքով։

Մազարելան ձերբակալվել է ուրբաթ երեկոյան Ամալֆիի ափին գտնվող շքեղ առանձնատանը, որի մեկ գիշերվա արժեքը 1 000 եվրո է։ Այնտեղ նա գտնվում էր կնոջ և երկու երեխաների հետ։ Ըստ ոստիկանության, Սալեռնո նահանգի Վիետրի սուլ Մարե քաղաքում իրականացված գործողության ժամանակ հանցագործը դիմադրություն չի ցուցաբերել։

48-ամյա մաֆիոզն Իտալիայի ներքին գործերի նախարարության ամենավտանգավոր փախստականների ցուցակում չորրորդն էր։ Նա մեղադրվում է 2000 թվականին Անտոնիո Մայոնեի սպանության մեջ, ինչը, ըստ ոստիկանության, վրեժխնդրություն էր. զոհի եղբայրը՝ Իվանը, ավելի վաղ խոստովանել էր 1995 թվականին Մազարելայի հոր՝ Սալվատորեի սպանությունը։

Գործողության տեսագրությունները ցույց են տալիս, որ առանձնատունը շրջափակել են կարաբիներների զինված ստորաբաժանումները, իսկ գործողությանն աջակցել են Իտալիայի ռազմաօդային ուժերը և առափնյա պահպանության պարեկային նավը։ Խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է 20 000 եվրո կանխիկ գումար, երեք թանկարժեք ձեռքի ժամացույց, բջջային հեռախոսներ և կեղծ փաստաթղթեր։

Մազարելա կլանը վերահսկում է Նեապոլում մաքսանենգության և թմրավաճառության զգալի մասը, զբաղվում է ապրանքների կեղծմամբ և եկամուտների լվացմամբ Միլանի ու Իտալիայի հյուսիսային շրջանների միջոցով։ Կլանի ղեկավարի ձերբակալությունը դիտվում է որպես իրավապահ մարմինների զգալի հաջողություն կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։

 
 
1/2666
bottom of page