top of page

Ո՞ր երկրներ են արտահանվելու հայկական վարդերը

  • Jun 3
  • 2 min read


Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում քարոզարշավի ժամանակ այսօր հայտարարեց, որ  Նախորդ օրը հաջողվել է Հայաստանում արտադրվող վարդերի առաջին խմբաքանակը արտահանել Վրաստան։ Panorama.am-ը զրուցեց գյուղատնտես-ֆերմեր Հարություն Մնացականյանի հետ՝ պարզելու համար, թե Վրաստանի շուկան ինչքանով կկարողանա բավարարել Հայաստանում արտադրվող ծաղիկների առաջարկը։

«Ամենայն հավանականությամբ հայկական ծաղիկները Վրաստանից ռեէքսպորտ կարվի վրացական ծագման սերտիֆիկատով, որովհետև վրացական շուկան այդքան մեծ չէ, որ կարողանան այդքան վարդ վաճառել։ Ավելի հետաքրքիր տարբերակ էլ կա։ Կառավարությունը հետաքրքիր մի PR ակցիա իրականացնի, 2-3 մեքենա վարդ է գնել, այդ վարդը կհանեն Վրաստան՝ կթափեն, ցույց կտան, թե իբր իրենք վերաարտահանեցին՝ տեսեք թե ինչ ուժեղ տղա են, հարց են լուծում».- ասաց Հարություն Մնացականյանը։

Իսկ որքա՞ն է Վրաստանի ծաղկի շուկայի սպառման ծավալները։

Չնայած 2025 թվականին 2024 թվականի համեմատ Վրաստանը 40%-ով ավել ծաղիկ էր ներմուծել, բայց այն մնում է շատ փոքր։ Նախորդ տարի Վրաստանը ներմուծել է մոտ 16 մլն դոլարի 2.4 տոննա ծաղիկ։ Մեր հարևանը հիմնականում ներմուծում է Էկվադորից՝  մոտ 6 մլն դոլարի, երկրորդ արտահանողը Հայաստանն է, որտեղից Վրաստան է մտել մոտ 4.3 մլն դոլարի ծաղիկ, երրորդը Նիդերլանդները՝  2.5 մլն դոլարով։ Վրաստանը արտահանել է աննշան՝ մոտ 50 հազար դոլարի ծաղիկ՝ հիմնականում  Ուկրաինա և Ադրբեջան։ Այս երկիրը ծաղիկ ներմուծող է։ Եթե Վրաստանը զբաղվի ծաղկի ռեէքսպորտով, ստացվում է, որ հայկական ծաղիկը գնալու է Ադրբեջան և Ուկրաինա։

Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից ծաղիկների արտահանումն աճել է ավելի քան 11 անգամ՝ 2016 թվականի 4.8 միլիոն դոլարից 2025 թվականին հասնելով ռեկորդային 53.6 միլիոն դոլարի։

Դրանից 46 միլիոն դոլարը՝ Ռուսաստան առաքումներից է ստացել։ Այսպիսով, նախորդ տարի ռուսական շուկան կազմել է Հայաստանի ծաղիկների վաճառքից ստացված եկամտի 94%-ը։ Վրաստանը կազմել է ծաղիկների արտահանման մոտ 5%-ը (2.3 միլիոն դոլար), իսկ Ղազախստանը՝ 1%-ը (514,900 դոլար)։

Այլ երկրների թվում են ԱՄԷ-ն՝ 166,700 դոլարի և Բելառուսը՝ 61,600 դոլարով։

Ակնհայտ է մեկ բան. Վրաստանի 16 մլն դոլարի ծաղկի շուկան չի կարող ընդունել ՌԴ-ի մերժած 46 մլն դոլարի հայկական ծաղիկները։

 
 
1/2814
bottom of page