Աղազարյանը 4 հոգու հետ է բանակցում, որ մեկնումեկին վարչապետի թեկնածու առաջադրի
- Elen Hovsepyan
- 4 hours ago
- 1 min read
Պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը կպատասխանեն Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ նամակներին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանն ասել է, որ քաղաքացիները ցուցաբերել են բարձր իրավագիտակցություն և լուրջ օրակարգ են բերել, ու իրենց պատասխանը կլինի ուրբաթ՝ կուսակցության վարչության նիստից հետո։
Դիտարկմանը, թե պարբերաբար հայտարարել են, որ չեն միանալու որևէ գործընթացի, որում ներգրավված կլինեն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը, նա պատասխանել է, թե «Աստված իրենց փրկել է փորձությունից»։
««Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները հայտարարել են, որ պատրաստ են միանալ ցանկացած նախաձեռնության, սակայն թեկնածու չեն առաջադրելու, հետևաբար՝ Աստված մեզ փրկեց փորձությունից։ Բացառիկ դեպքերը եթե մի կողմ դնենք, մենք էլի ենք պնդում, որ չենք միանալու Քոչարյանի և Սարգսյանի առանցքի շուրջ հավաքված ուժերին։ Բայց նաև մեր նպատակն է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի»,- ասել է Աղազարյանը։
Նա տեղեկացրել է, որ իրենք նույնպես այս պահին միասնական թեկնածուի փնտրտուքի մեջ են։
«Մենք այս պահին բանակցում ենք 4 հոգու հետ, որոնց թեկնածությունը կարող ենք առաջադրել վարչապետի պաշտոնում։ 4-ից ով էլ համաձայնի, մենք կքննարկենք նրա թեկնածությունը մեր կուսակցության վարչությունում և կառաջադրենք որպես վարչապետի թեկնածու։ Նրանք պատվարժան, փորձառու, չեզոք գործիչներ են։ Այս անձանց մեջ կան թեկնածուներ, որոնք կարող են ընդունելի լինել և՛ խորհրդարանական ընդդիմության, և՛ ՔՊ-ականներից շատերի համար»։