Հրապարակվել են ջակուզիում գտնվող Քլինթոնի, ինչպես նաև Միք Ջագերի և Մայքլ Ջեքսոնի նկարները․ Էփշտեյնի գործը
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 2 min read

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը բազմիցս հայտնվել է այն լուսանկարներում, որոնք հրապարակվել են սկանդալային հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով ֆայլերի հետ միասին, հայտնում է NBC News-ը:
Լուսանկարներից մեկում նա կանգնած է Էփշտեյնի կողքին և նրանք ժպտում են՝ նայելով ինչ-որ բանի, որը կադրից դուրս է: Մեկ այլ լուսանկարում նա ջակուզիի մեջ է: Երրորդ լուսանկարում նա պատկերված է լողավազանում լողալիս՝ Էփշտեյնի ընկերուհու՝ Գիսլեյն Մաքսվելի հետ:
Եվս երկու լուսանկարում Քլինթոնը պատկերված է մի կնոջ գրկած, որի դեմքը չի երևում, իսկ երրորդում նա նստած է սեղանի շուրջ, իսկ մի կին նստած է նրա ծնկին: Լուսանկարները թվագրված չեն և պարզ չէ, թե որտեղ են դրանք արվել: Նրա մամուլի քարտուղար Անխել Ուրենյայի խոսքով՝ Քլինթոնը 2002 և 2003 թվականներին չորս անգամ թռել է Էփշտեյնի ինքնաթիռով՝ իր «Քլինթոնների հիմնադրամի» հանձնարարություններով։
Թրամփը կոչ է արել գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին հետաքննել Էփշտեյնի հետ Քլինթոնի կապերը, թեև ԱՄՆ նախկին նախագահին որևէ իրավախախտման մեջ մեղադրանք չի առաջադրվել։ Լուսանկարներում առկա ոչ մի փաստ չի մատնանշում որևէ անօրինական գործողություն։ Ուրենյան X սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Սպիտակ տունն այս ֆայլերը ամիսներ շարունակ չի թաքցրել միայն նրա համար, որպեսզի դրանք հրապարակի ուրբաթ ուշ երեկոյան՝ Բիլ Քլինթոնին պաշտպանելու նպատակով։
Խոսքն այն մասին է, որ նրանք փորձում են պաշտպանվել նրանից, ինչ սպասվում է հետո, կամ այն ամենից, ինչ փորձելու են հավերժ թաքցնել։ Այնպես որ, նրանք կարող են հրապարակել որքան ուզում են 20 տարվա վաղեմության անորակ (հատիկավոր) լուսանկարներ, բայց սա Բիլ Քլինթոնի մասին չէ։ Երբեք չի եղել և երբեք չի լինի»։
Բացի այդ, հրապարակված լուսանկարներից մեկում ԱՄՆ նախկին նախագահի հետ պատկերված է Rolling Stones-ի մենակատար Միք Ջագերը, իսկ նրանց միջև կանգնած է մի կին։
Մեկ այլ լուսանկարում Էփշտեյնը պատկերված է հանգուցյալ փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի կողքին, նկարի ետնամասում լողափին գիրք կարդացող մերկ կին է պատկերված։ Մյուս լուսանկարներում պատկերված է Էփշտեյնի կողքին կանգնած դերասան Քևին Սփեյսին։ Լուսանկարներից և ոչ մեկը թվագրված չէ, ուստի պարզ չէ, թե երբ և որտեղ են դրանք արվել։ Անցյալ տարի Սփեյսին լրագրող Փիրս Մորգանին պատմել էր, որ թռել է Էփշտեյնի ինքնաթիռով Քլինթոնի հիմնադրամի հումանիտար առաքելության շրջանակներում, սակայն «երբեք նրա հետ ժամանակ չի անցկացրել»։
Ուրբաթ օրը Կոնգրեսին ուղղված նամակում ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հայտարարել է, որ գրառումները «չեն պարունակում արժանահավատ ապացույցներ այն մասին, որ Էփշտեյնը շանտաժի է ենթարկել հայտնի մարդկանց և չեն պարունակում ապացույցներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ այն երրորդ անձանց նկատմամբ հետաքննություն սկսելու համար, որոնց մեղադրանք չի առաջադրվել»։




















