Քաղաքապետարանից արձագանքեցին, թե ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները

«Վաղարշապատի համայնքապետարանին կից պուրակում տեղադրված եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել։ Դրանք ժամանակավորապես տեղափոխվել են Վաղարշապատի համայնքապետարանի պատմազգագրական թանգարան՝ վերականգնման և բարելավման աշխատանքների իրականացման նպատակով»,- այս մասին հայտնում են համայնքապետարանից։
Նշվում է, որ աշխատանքների շրջանակում մանրակերտները կվերականգնվեն, իսկ ցուցափեղկերը կփոխարինվեն նորերով՝ ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից լուծումներով։ Դրանք կունենան լուսավորություն, ջերմակայուն համակարգ, ինչպես նաև QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կկարողանան ծանոթանալ յուրաքանչյուր եկեղեցու պատմությանը և հետաքրքիր տեղեկություններին։
«Վերականգնման աշխատանքներն իրականացվում են հենց մանրակերտների հեղինակի՝ Սամվել Հակոբյանի կողմից, ինչը լավագույն երաշխիքն է դրանց որակյալ և սկզբնական տեսքի պահպանմամբ վերականգնման համար»,- նշում են համայնքապետարանից։
Հիշեցնենք՝ Սամվել դպիր Գրիգորյանը երեկ գրել էր, որ Էջմիածնի «Եկեղեցիների պուրակից» (համայնքապետարանի դիմացի այգուց) հանվել են հայկական եկեղեցիների և վանքերի մանրակերտները։




















