«ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՄ ՎՐԱ 100 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԿԱ, ԹՈՂ 101-ՐԴՆ ԷԼ ԼԻՆԻ
- Elen Hovsepyan

- Oct 4
- 3 min read

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի դեմ արշավը, իհարկե, նոր չէ` սկիզբ է առել նրա ընտրվելու պահից: Բայց հատկապես վերջին մի քանի շաբաթվա ընթացքում այն նոր թափ է հավաքել: Նախ, Վահագն Ալեքսանյանն օրեր առաջ ԱԺ-ում դիմեց ընդդիմադիրներին, թե «Վարդանիկը՝ Գյումրիի քաղաքապետը, կանգնել-ասել է՝ ով դեմ է Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելուն, ինքը թրքահպատակ շան տղա է: Հիմա ես եմ այդ հարցադրումը ձեզ դնում, հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ: Նա ձե՛ր Վարդանիկն է, ձեր բերածն է, մինչեւ 17.00-ն պատասխանեք` միութենական պետության կողմնակի՞ց եք, թե՞ ոչ»։ Հետո՝ վերջին հարցուպատասխանի ժամանակ պայմանավորված հարց հնչեցրեց Գյումրուց ընտրված պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Սարուխանյանին վեց ամիս անց հանկարծ մտահոգել էր Վարդան Ղուկասյանի՝ իր երդմնակալության օրը արած այն հայտարարությունը, թե կողմ է ՌԴ-ի հետ Բելառուսի օրինակով միութենական պետությանը: Նա ՔՊ առաջնորդին հիշեցրեց, որ Ղուկասյանը կասկածի տակ է դրել ՀՀ ինքնիշխանությունը, ապա հարցրեց, թե ինչ երաշխիք, որ այս վեց ամիսների ընթացքում կառավարության միջոցներով կատարված աշխատանքները Ղուկասյանը չի վերագրի իրեն եւ այդ ամենը որպես ծառայություն չի մատուցի որոշ օտարերկրյա ուժերի։
«ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից»,- ամբիոնից հոխորտաց Նիկոլ Փաշինյանը: «Ինչպե՞ս․ քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կիրառելի են ժողովրդավարական երկրում։ Համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, մենք գիտենք, որ էնտեղ ընտրակաշառք է բաժանվել, եւ դա ժողովրդավարության խնդիրներից մեկն է»,- ժողովրդավարության վրա ոտքերը սրբեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։ Իսկ թե ինչու ընտրությունների նախօրյակին չեն բացահայտել ընտրակաշառք տվողներին, եւ ինչ փաստերի հիման վրա է նման բան հայտարարում, այդպես էլ պարզ չդարձավ:
Այս հարցուպատասխանից հետո երեկ մենք ՔՊ-ական Սարուխանյանին հարցրինք՝ կոնկրետ ինչպե՞ս են պատրաստվում Ղուկասյանին «դուրս շպրտել» համայնքապետարանից։ Իշխանականը կցկտուր պատասխանեց՝ սահմանադրական ճանապարհով։ Սահմանադրական ճանապարհը համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացն է, սակայն ՔՊ-ն նախ Գյումրու ավագանիում չունի մեծամասնություն, եւ միայն «մարդագողության» կամ քրեական հետապնդումների միջոցով է հնարավոր խախտել ուժերի թվային հավասարակշռությունը, բացի այդ՝ օրենքը թույլ չի տալիս համայնքապետի ընտրվելուց հետո ուղիղ մեկ տարի անվստահության գործընթաց նախաձեռնել, լավագույն դեպքում՝ ՔՊ-ն այն կարող է նախաձեռնել եկող տարվա ապրիլի վերջերից սկսած: Բայց պարզ է, որ այն ժամանակ այլեւս իմաստ չունի, քանի որ մինչեւ ընտրությունները շատ քիչ ժամանակ է մնացել` հունիսին ԱԺ հերթական ընտրություններն են, իսկ Գյումրին զավթելու գլխավոր իմաստն այն է, որ մինչեւ համապետական ընտրությունները լծակներ ստանան, որ հանրապետության երկրորդ քաղաքում ընտրությունների արդյունքներն ի վնաս իրենց չլինեն։
Ուստի տեղեկություններ կան, որ իմպիչմենտ չեն անելու, այլ Վարդան Ղուկասյանի հարցը փորձելու են լուծել հերթական ապօրինի քրեական գործը հարուցելու միջոցով: Անգամ հոդվածն է արդեն ուրվագծվում` ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված կոչ, հայտարարություն անելու մեղադրանքով։ Իրավապահ մարմինները, ըստ որոշ տեղեկությունների, մի քանի օր է՝ ԶԼՄ-ների հրապարակումներն են տակնուվրա անում, որ գտնեն Ղուկասյանի՝ տարբեր ժամանակ արած հայտարարությունները եւ կարողանան հերթական անհեթեթ մեղադրանքը կառուցել` իբրեւ թե Վարդան Ղուկասյանը, զանգվածային լրատվական միջոցներն օգտագործելով, կատարել է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր։
Հիշենք, որ Քրեական օրենսգրքում 2023 թվականին փոփոխություն կատարվեց, համաձայն որի՝ քրեական պատիժ է սահմանվում «բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ՀՀ ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելու, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար»: Ենթադրվում է, որ Ղուկասյանի դեմ գործը կկարվի երկրորդ դրվագով։ Ի դեպ, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը 10-15 տարի ժամկետով ազատազրկմամբ է պատժվում, իսկ հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով, սկսած տուգանքից, վերջացրած կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Այսինքն, սա թեթեւ հոդված է, եւ անգամ կալանք տալն է սրանով անհնարին: Եթե կոչերը կատարվել են հրապարակային, ԶԼՄ- ների միջոցով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ցուցադրվող ստեղծագործությունների միջոցով, ապա պատիժը կարող է կազմել 2-5 տարի։
Փաշինյանի հայտարարությունից հետո իրավապահներն արդյո՞ք գնացել են Վարդան Ղուկասյանի հետեւից, կա՞ հարուցված քրեական վարույթ, հետաքրքրվեցինք Գյումրու համայնքապետից: «Իմ վրա 100 քրեական գործ կա, թող 101-րդն էլ լինի, ինձ չի հուզում»,- երեկ մեզ ասաց Վարդան Ղուկասյանը։




















