Նոր մանրամասներ Երևանում երեկ գտած նորածնի մասին

Երևանում լքված նորածինը դեռ գտնվում է ապարատների ներքո, ունի շնչական խնդիրներ։ Լրագրողների հետ զրույցում այսօր ՎԱՊՄԳՀԻ նորածնային ծառայության գծով փոխտնօրեն, Նորածինների վերակենդանացման, ինտենսիվ բուժման և խնամքի երկրորդ էտապի բաժանմունքի վարիչ Արշակ Ջերջերյանը պատմել է, որ երեկ երեկոյան ընդունարանում ահազանգ է ստացվել, որ ոստիկանների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով երեխա է ընդունվել։
Քանի որ երեկ համեմատած զով է եղել, երեխայի մարմնի ջերմաստիճանը իջել էր 30 աստիճան, ինչը կրիտիկական է նոր ծնված երեխաների համար։
«Երեխան անմիջապես զննվել է, նրա վիճակը գնահատվել է ծանր։ Ասեմ, որ չի կարելի երեխային միանգամից տաքացնել, դա պետք է լինի աստիճանաբար, ժամում կես աստիճան ցելսուս, ինչը որ արել ենք։ Հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է մեզ համար՝ 36.7 է, շնչական անբավարարություն ունի, դրա կապակցությամբ հատուկ ապարատի տակ է, շնչում է ինքնուրույն։ Գուցե այդպես մնա 3-4 օր, տեսնենք։ Մի քիչ վաղաժամ է ծնվել, մեր հաշվարկով 36 շաբաթական է, զարգացման արատներ չենք տեսնում, բռնության հետքեր չկան։ 2550 գրամ քաշ ունի, 48 սմ հասակ; Եթե խնդիրներ չառաջանան, երեխայի բուժումը կտևի 20-22 օր»,-երեխայի առողջական վիճակի մասին մանրամասներ է հայտնել բժիշկը։
Ա. Ջերջերյանի խոսքով, այսօր վստահորեն կարող են ասել՝ երեխան ծնվել է երեկ՝ օգոստոսի 10-ին, պորտալարի թարմությունից դատելով՝ ծնված է եղել մինչև 5 ժամ առաջ, ոչ բուժհիմնարկում։ Մասնագետի խոսքով, երեխայի պորտալարը կապել են նրա գտնողները։
«Երեխան, երբ կլինիկա է ընդունվել, պորտալարն արդեն կապված է եղել թանզիֆով, մոտ 20-25սմ պորտալար կար։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ երեխան ծնվել է օգոստոսի 10-ին, պորտալարի թարմությունից կարելի է դատել, որ 3-5 ժամվա ծնունդ է եղել»,-ասել է բժիշկը։
Հիշեցնենք, օգոստոսի 10-ին՝ ժամը 20.43-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Ահազանգը փոխանցվել է ՆԳՆ քրեական և համայնքային ոստիկաններին ու շտապօգնության ծառայությանը։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։




















