top of page

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին

  • 2 hours ago
  • 3 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել իրականացված ծրագրերին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի   թիվ 6 «Արևիկ»  մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, ինչպես նաև կատարվել են նոր եռահարկ մասնաշենքի կառուցման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 734 մլն  դրամ, որից ավելի քան 513 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Մանկապարտեզ է հաճախում 294 սան։ 

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքներին։ Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրն ունի վերանորոգված դպրոց՝ նախատեսված 188 աշակերտի համար։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է ավելի քան 190 մլն  դրամ։

Վաղարշապատ համայնքում Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են Լեռնամերձ բնակավայրում իրականացված գազիֆիկացման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում  կառուցվել են 2927.7 գծմ և  3047.4 գծմ գազատարներ, որոնց համար գործադիրը հատկացրել է, համապատասխանաբար, 21 մլն 956 հազար դրամ և 45 մլն 960 հազար դրամ։ 

Երկրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Հայթաղ բնակավայրի մանկապարտեզում, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացված 540 քմ մակերեսով վերակառուցման և միահարկ կցակառույցի շինարարության աշխատանքներին։ Մանկապարտեզ է հաճախում 90 երեխա։  Ծրագրի արժեքը կազմում է 233 մլն դրամ, որի 70 % -ը՝  ավելի քան 163 մլն դրամը,  հատկացվել է պետբյուջեից։

Մեծամոր համայնքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Մանկապարտեզ է հաճախում 252 երեխա։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 514 մլն դրամ է, Կառավարության մասնաբաժինը կազմում է 360 մլն դրամ։

Վարչապետ Փաշինյանին ներկայացվել են Արմավիր համայնքի Տ-3-8 /Մ-5/ - Մայիսյան /Տ-3-47/ մարզային /տեղական/ նշանակության ավտոճանապարհի 0,8 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքները։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է  85 մլն դրամ։

Վարչապետն Ալաշկերտում ծանոթացել է Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցում իրականացված վերանորոգման աշխատանքներին։ Դպրոցը վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում, որի համար Կառավարությունը հատկացրել է  396 մլն 390 հազար դրամ։  Ալաշկերտի վերանորոգված դպրոցը նախատեսված է 263 աշակերտի համար։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզում։ Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է մանկապարտեզի շենքը։ Նախակրթարանն ունի  65 սան։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 281 մլն  դրամ, որից 70%-ը՝  197 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։

Երկրի ղեկավարին ներկայացվել են Արմավիրի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Դպրոցն ընդգրկվել է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի ցանկում։ Կառավարությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 272 մլն 270 հազար դրամ։ Արմավիր բնակավայրի վերանորոգված դպրոցը նախատեսված  է 607 աշակերտի համար։

Բաղրամյան համայնքում վարչապետը ծանոթացել է ընկույզի 311 հա այգու հիմնման ներդրումային ծրագրին։ Նշվել է, որ մինչ այժմ տնկվել է 45,000 տնկի, դրանց թիվը նախատեսվում է հասցնել 90 հազարի։ Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 5 մլրդ դրամ է։ Կառավարության կողմից ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2023-2025թթ ծրագրի շրջանակում ընկերությանը փոխհատուցվել է ավելի քան 76 մլն դրամ՝ ջրավազանի կառուցման համար։ Ընկերության բաժնեմասերի հիմնական սեփականատերը հանդիսանում է «Գրին Ինվեսթ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդը, որի հիմնական ներդրողներից է «Քեփիթալգեյթ Ֆանդ Լիմիթեդ» միջազգային ներդրումային ընկերությունը:

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանում ծանոթացել է նաև 182,74 հա  դեղձի և նեկտարինի ինտենսիվ այգու հիմնման ներդրումային ծրագրին։ Դրա շրջանակում տնկվել է 344 520 տնկի։ Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 7 մլրդ դրամ է։ Ներդրումային ծրագիրն իրականացնող «Ֆեմիլի Գարդեն»  ՍՊԸ-ն ՀՀ Կառավարության   «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում ստացել է  ավելի քան 187 մլն դրամ փոխհատուցում։ ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվում է վարկի ամբողջական տոկոսի սուբսիդավորում՝ 14%։

Վերոնշյալ ընկերությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ Կառավարության բիզնեսի խթանման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործում ցուցաբերվող աջակցության և ինտենսիվ այգեգործությունը խթանող   անհրաժեշտ գործիքակազմեր ներդնելու համար։ 

 
 
1/2662
bottom of page