Իտալիան կկասեցնի Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի ավտոմատ երկարաձգումը
- 5 hours ago
- 1 min read

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ իր կառավարությունը ժամանակավորապես դադարեցնում է Իսրայելի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգման պրակտիկան, հայտնում է ANSA-ն:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կառավարությունը որոշում է կայացրել առայժմ հրաժարվել Իսրայելի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրի ավտոմատ երկարաձգումից»,- Վերոնայում հայտարարել է Մելոնին:
Իտալա-իսրայելական հուշագրի գործողության կասեցման մասին նամակը պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն ուղարկել է իր իսրայելցի գործընկեր Իսրայել Կացին:
Հուշագիրը, որը սահմանում է պաշտպանության ոլորտում համագործակցության շրջանակները, նախատեսում էր երկարաձգում յուրաքանչյուր հինգ տարին մեկ և ուժի մեջ էր մտել 2016 թվականի ապրիլի 13-ին:
Վարչապետը նաև մեկնաբանել է իրավիճակը Մերձավոր Արևելքում.
«Մենք պետք է շարունակենք աշխատել միջազգային մակարդակով՝ խաղաղ բանակցությունների առաջխաղացման ուղղությամբ՝ իրավիճակը կայունացնելու և վառելիքի ու պարարտանյութերի մատակարարման համար կարևորագույն առևտրային ուղու աշխատանքը վերսկսելու համար»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը:




















