top of page

Չեմ բացառում, որ լինելու են խիստ միջոցներ. Նավասարդյանը` իշխանության կողմից լրագրողներին թիրախավորելու մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 17
  • 1 min read


Երեկ Հանրայինի եթերը վերածվել էր խոսքի ազատության դեմ պայքարի հարթակի։ 

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանը կարծիք էր հայտնել, որ լրագրողները պետք է զրկվեն հավատամագրերից, եթե իշխանությանը տալիս են ոչ հաճո հարցեր: Նա որպես օրինակ նշել էր Նիկոլ Փաշինյանի վերջին բրիֆինգի ընթացքում հնչած հարցերից մի քանիսը, որոնք վերջինիս այդքան էլ հաճելի չէին։ 

MediaHub-ի հետ զրույցում հայ լրագրող, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ չի կարծում, թե Աշոտ Մելիքյանը նման կոչ է արել։ Նրա կարծիքով՝ խնդիրը հաճախ ոչ թե լրագրողների, այլ քաղաքական վերնախավի ներկայացուցիչների պահվածքում է։ 

Նավասարդյանն ընդգծեց, որ խոսքի ազատությունը սահմանափակող խիստ միջոցների նախադեպեր արդեն իսկ կան, սակայն դա չպետք է դիտարկել որպես լրագրողների մեղավորության տեսանկյունից:

«Չեմ բացառում, որ լինելու են խիստ միջոցներ, և արդեն դրանց նախադեպերը կան։ Ես չեմ կիսում այն տեսակետը, որ առաջին հերթին մեղավոր են լրագրողները։ Առաջին հերթին մեղավոր են հենց քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, որոնք արդեն իսկ, անկախ լրագրողներից և լրատվամիջոցներից, ձևավորել են հաղորդակցության այնպիսի մշակույթ, որը չի ենթադրում երկկողմանի պարկեշտ պահվածք։ Փաստորեն, այս ոճը, որը տարածվել է հայաստանյան հանրային հաղորդակցության ոլորտում, առաջ է մղում այնպիսի լրագրողներին, որոնք համապատասխանում են այդ ոճին»,- ասաց Նավասարդյանը: 

Նրա կարծիքով՝ խնդրի լուծումը սկսվում է հենց քաղաքական ուժերի ներկայացուցիչներից. նրանց կողմից պետք է ստեղծվի այնպիսի հաղորդակցության միջավայր, որն օգնում է լրագրողներին աշխատել պրոֆեսիոնալ և հասարակության համար օգտակար ձևով։

Նավասարդյանը ընդգծեց, որ խնդիրը պետք չէ լուծել խիստ սահմանափակումներով։ «Ամենակարևորն այն է, որ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները հայելու մեջ նայեն իրենց պահվածքը և օրինակ ծառայեն»,- ամփոփեց խոսքը Բորիս Նավասարդյանը:

 
 
1/2573
bottom of page