top of page

Ավագանու անդամին թույլ չեն տվել տեսնել առյուծին ու վագրին. Ո՞վ է քնեցնելու որոշում պարտադրել

  • 1 day ago
  • 3 min read


Երևանի ավագանու անդամ, հանրային առողջապահության մասնագետ Քրիստինե Վարդանյանն այսօր այցելել  է Երևանի կենդանաբանական այգի՝ հասկանալու՝ ի՞նչ պայմաններում են պահվում Գագիկ Ծառուկյանի բակից տարված կենդանիները, ի՞նչ հանգամանքներում է սատկել էգ առյուծը։

Նրան կենդանիներին տեսնել թույլ չեն տվել, հիմնավորել են, որ կարանտինում են գտնվում։ Տնօրինությունը խոստացել է՝ այգու ֆեյսբուքյան էջում այսօր նրանցից լուսանկարներ կհրապարակեն՝ կից հաղորդագրությամբ։ Կենդանաբանական այգու տնօրենն իր խոսքում նշել է, որ տեղափոխված կենդանիները մասնագետների հսկողության տակ են, անվտանգ կարանտինային պայմաններում։

«Հաշվի առնելով այն առողջական խնդիրները, որ ուներ կենդանին, ահռելի մեծ ռիսկ էր նրան քնացնելը։ Բոլոր կենդանիների մասով պետք է լիներ տնային կալանք, այլ ոչ թե անել այն, ինչ արվեց՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ պրոֆեսիոնալիզմի առումով նման ծավալի աշխատանքներ իրականացնելու, տեղափոխելու պատգարակներ, հատուկ սարքեր և այլն ապահովված չէին, այդ ամենն անում էին ձեռքի տակ եղած միջոցներով։ Այստեղ էլ հազար ու մի ռիսկեր կային։ Կենդանիները սթեսի են ենթարկվել, արթնացել են բոլորովին այլ պայմաններում, ուրիշ խնամողներ և այլն, և այլն, տասնյակ հարցեր, էլ չեմ խոսումանկած կենդանու մասին, ստացել ենք ամենասոսկալի արդյունքը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց  Ք. Վարդանյանը։

Ավագանու ընդդիմադիր անդամը կարդացել է անկած էգ առյուծի հերձման եզրակացությունը և  կրկին համոզվել, որ կենդանու առկա առողջական վիճակում նման միջամտությունը բարձր հավանականությամբ դատավճիռ կարող էր լինել։

«Եթե նախապես հետազոտվեր կենդանին կարճաժամկետ և փոքր դոզայով անզգայացվեր, արդյունքը դժվար սա լիներ։ Կենդանինեիրը նման միջամտության ենթարկվելուց առաջ պետք է ուսումնասիրվեն, արդյունքների հիման վրա որոշվեր հետագա անելիքները»,-նշեց Ք. Վարդանյանը։

Ավագանու անդամը պնդեց՝ կենդանաբանական այգու մասնագետները պորֆեսիոնալ են, իր կարծիքով, որոշում կայացնողը քնացնելու վերաբերյալ ոչ թե կենդանաբանական այգին է եղել, այլ մեկ ուրիշ կառույց։ Այս որոշումն իր հետ բերել է հավելյան խնդիրներ ու ծախսեր, կենդանաբանական այգին հիմա ավելի շատ գումար պետք է ծախսի՝ նրանց կերակրելու, հոգ տանելու համար։

«Սխալը եկել է հենց այստեղից, կենդանու շահը հաշվի չի առնվել, ինչը պետք է արվեր։ Կրկնում եմ, պետք է կիրառվեր տնային կալանք, նրանք մնային իրենց տեղում, ոնց եղել է կոկորդիլոսների դեպքում։ Բժշկության ոսկե օրենքն ասում է.  «Մի վնասիր, Noli nocere», ցավոք վնասեցին անպաշտպանին, որի համար պետությունը ստանձնել էր պատասխանատվություն։ Միթե չէ՞ր կարելի ընդամենը կապարակնքել և թողնել իրենց համար սովորական պայմաններում՝ «Տնային կալանք» վճռել, ոչ թե այն, ինչ արվեց։ Պետության մասին կարծիքը ներառում է անպաշտպանների նկատմամբ վերաբերմունքը՝ երեխաների, տարեցների, կենդանիների։ Հիմա ի պահ է տրվել պետությանը, կենդանին անկել է, ո՞վ է պատասխանատվություն կրելու այս պարագայում»,-ասաց Ք. Վարդանյանը։

Հիշեցնենք, որ երեկ Կենդանաբանական այգին ստիպված եղավ հաստատել մամուլում տարածված այն լուրերը, որ Գագիկ Ծառուկյանի այգուց տարված քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել։

«Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-հայտնել էին այգուց։

Սա հարուցել է մի շարք կենդանասերների, բնապահպանների, հասարակական գործիչների, լրագրողների զայրույթը։ Բնապահպան Սիլվա Ադամյանը հայտարարել է, որ դիմելու է դատարան։ Նա նաև կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին՝ անազատության մեջ պահվող վայրի կենդանիների տեղափոխման ընթացքում սպիտակ էգ առյուծի մահվան կապակցությամբ անկախ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։

«Մենք դիմում ենք կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպություններին, վայրի բնության պահպանությամբ զբաղվող կազմակերպություններին, անասնաբուժական ասոցիացիաներին, բնապահպանական կազմակերպություններին և բոլոր նրանց, ովքեր նվիրված են կենդանիների պաշտպանությանը, խնդրելով հրատապ ուշադրություն դարձնել Հայաստանում տեղի ունեցած ողբերգական դեպքին։

Այս կենդանու մահը հասարակության շրջանում առաջացրել է խոր մտահոգություն և կարևոր հարցեր է բարձրացրել կենդանիների բարեկեցության, անասնաբուժական որոշումների կայացման և անազստության մեջ պահվող վայրի կենդանիների տեղափոխման ընթացակարգերի վերաբերյալ։

Մենք կոչ ենք անում՝

* անհապաղ անցկացնել անկախ, թափանցիկ, անաչառ և համակողմանի հետաքննություն՝ պարզելու սպիտակ էգ առյուծի մահվան բոլոր հանգամանքները,

* հրապարակել անասնաբուժական փորձաքննության արդյունքները, կիրառված անզգայացման արձանագրությունը և տեղափոխման գործընթացին վերաբերող ամբողջ փաստաթղթավորումը,

* կատարել համակողմանի գնահատում՝ պարզելու, թե արդյոք տեղափոխման բոլոր փուլերում լիարժեք պահպանվել են կենդանիների բարեկեցության միջազգային ճանաչված չափանիշները և անասնաբուժական լավագույն մասնագիտական գործելակերպերը,

* մշակել և ներդնել հստակ ազգային արձանագրություններ, որոնք կապահովեն, որ վայրի կենդանիների բարեկեցությունը լինի առաջնահերթություն նրանց ցանկացած հետագա տեղափոխման, փրկարարական գործողությունների կամ առգրավման ընթացքում։

Անազատության մեջ պահվող վայրի կենդանիները լիովին կախված են մարդու խնամքից։ Նրանց կյանքի վրա ազդող յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի կենդանիների բարեկեցության, անասնաբուժական գիտության և բարոյական պատասխանատվության ամենաբարձր չափանիշներին համապատասխան։

Մենք կոչ ենք անում կենդանիների պաշտպանության կազմակերպություններին, բնապահպանության մասնագետներին, անասնաբույժներին, բնապահպաններին և աշխարհի բոլոր անտարբեր չմնացող մարդկանց աջակցել այս կոչին, տարածել այն և հանդես գալ անկախ հետաքննության, թափանցիկության ապահովման և գերության մեջ պահվող վայրի կենդանիների բարեկեցության պաշտպանության երաշխիքների ամրապնդման օգտին։

Յուրաքանչյուր կենդանի արժանի է պաշտպանության, արժանապատիվ վերաբերմունքի և մարդասիրական խնամքի»,-մասնավորապես ասված է կոչում։

 
 
1/2825
bottom of page