Մարդասիրությու՞ն, թե՞ քաղաքական առևտուր անհետ կորածների ճակատագրերով. Սիրանույշ Սահակյանը՝ Բաքվի նոր նախաձեռնության մասին
- 2 days ago
- 2 min read

«Առանց հանրային վստահության և միջազգային ներգրավվածության՝ ցանկացած նոր մեխանիզմ կարող է դառնալ քաղաքական սակարկությունների առարկա»,- Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատականը տվեց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը՝ անդրադառնալով Հասանովի հայտարարությանը։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ և պետական հանձնաժողովի քարտուղար Շարաֆատ Հասանովի հայտարարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան անանուն կերպով տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց ու նրանց թաղման վայրերի մասին, ինչի համար Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովը մշակել է հատուկ էլեկտրոնային տվյալների բազա։
Panorama.am-ի հետ զրույցում Սիրանույշ Սահակյանը նշեց, որ առաջին հայացքից այս նախաձեռնությունը միտված է տեղեկություններ կրողներից տվյալների հավաքագրմանը և թվում է, թե պետությունը փորձում է բարեխիղճ գտնվել, սակայն ամենամեծ խնդիրը դառնում է արժանահավատությունն ու վստահությունը։
«Եթե միջազգային ներգրավվածություն չկա և մեկ կողմի հնարավորությունների տիրույթում է մնում խնդիրը, արդյոք օբյեկտի՞վ, արդյունավե.տ կերպով է օգտագործվելու այդ տեղեկատվությունը և անհետ կորած ընտանիքների մարդասիրական խնդիրները անհապաղ լուծո՞ւմ են ստանալու, թե՞ պետությունը, տեղեկատվությամբ զինվելով, այդ հարցերը կարող է շարունակաբար քաղաքական սակարկությունների առարկա դարձնել, ինչն անթույլատրելի է»,- ասաց իրավապաշտպանը։
Վստահելիության մակարդակը հասկանալու համար Սահակյանն առաջարկեց նայել Բաքվի՝ նախորդիվ դրսևորված վարքագծին, քանի որ առկա տեսանյութերն ու ապացույցները ստուգելի են, և միջադեպի հսկողությունն ունեցող կողմը վաղուց կարող էր բացահայտել ճշմարտությունը։
Սակայն, իրավապաշտպանի դիտարկմամբ, իրական պատկերն այլ է. «Այդ միջադեպերով մերժողականության, ժխտողականության քաղաքականություն ենք տեսնում, և որտեղ որ բացահայտվում են խնդիրներ, որոնք կապված են ադրբեջանական զինծառայողների հանցագործությունների հետ, պետությունը փորձում է թաքցնել օբյեկտիվ ապացույցները և գեներացնել կեղծ ապացույցներ՝ պետության պատասխանատվությունը հեռացնելու նպատակով»։
Սահակյանը փաստեց, որ կան անգամ դեպքեր, երբ առկա է հստակ ապացույց, որ հայ զինծառայողի դին գտնվում է ադրբեջանցիների մոտ, սակայն առայսօր չեն ընդունում, որ զինծառայողը սպանվել է որոշակի խմբի ներգրավվածությամբ, և դին չեն վերադարձնում։
«Քանի դեռ նման դեպքերը օբյեկտիվ չեն հետաքննվել, և պետությունը օբյեկտիվ գործելակերպի ազդակներ չի տվել երկու հասարակություններին, ցանկացած նոր նախաձեռնություն չի կարող ստանալ հասարակական աջակցություն, իսկ առանց հասարակական աջակցության արդյունքները նաև ընդունելի չեն լինելու այդ մարդասիրական խնդիրների զոհերի կողմից»,- շեշտեց իրավապաշտպանը։
Սիրանույշ Սահակյանը հավելեց, որ թեև կարևորում է այս նախաձեռնությունը, սակայն առավել առաջնային է համարում այլ քայլեր. «Առավել կարևորում եմ նախորդիվ միջավայրի, նախապայմանների ձևավորումը, որ պետությունը արդեն իսկ իր ձեռքի տակ եղած տեղեկատվության համար պատասխանատու կերպով պատասխանատվություն ստանձնի տեղի ունեցած միջադեպերին, ճշմարտությունը, անգամ եթե դրանք կապված են ադրբեջանական զինծառայողների հանցագործությունների հետ, հաստատի և տրամադրի ընտանիքի անդամներին, որից հետո տեղեկատվական բացը լրացնելու նպատակով գործարկի այս նոր մեխանիզմը»։




















