top of page

Համընդհանուր մերժողականությունն առողջ երևույթ չէ․ Մասյացոտնի թեմի առաջնորդ

Apr 8, 2024
1 min read

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «Առավոտ»-ի հետ զրույցում  անդրադարձել է այս օրերին հաճախ հնչող հարցին՝ արդյոք հոգևորականը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ: Եպիսկոպոսն առաջարկում է նախ տարանջատել քաղաքականության տարբեր ընկալումները: Ըստ նրա՝ հոգևորականը չի կարող հանդես գալ հրապարակային ելույթներով, որոնք պառակտում կմտցնեն հասարակության մեջ: Հոգևորականը չի քննում մարդկանց քաղաքական հայացքները, դրանք կարող են տարբեր լինել: Մյուս կողմից՝ պետք է հիշել, որ Հիսուս Քրիստոսը, թեև որևէ պաշտոնական իշխանություն չուներ, չէր պատկանում իր ժամանակի հոգևոր դասին և որևէ քաղաքական հոսանքի, այնուամենայնիվ, իր ասածները ունեին քաղաքական հնչերանգ, օրինակ, երբ նա դատապարտում էր հարուստներին կամ թագավոր Հերովդեսին անվանում էր «աղվես»:

Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները նույնպես դարերի ընթացքում մշտապես անդրադարձել են ժողովրդին հուզող խնդիրներին: Բայց հոգևորականների խոսքը, ըստ սրբազանի, պետք է լինի կոռեկտ և հավասարակշռված, որպեսզի կրքեր չբորբոքի: Գևորգ Սրբազանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր մոլորվել են եւ հայտնվել են աղանդավորական կազմակերպությունների «ճիրաններում», միևնույն է, մեր ազգի զավակներն են, և հոգևորականների պարտականությունն է՝ օգնել նրանց վերադառնալ ճիշտ ճանապարհի: Համընդհանուր մերժողականությունը, որն այժմ տարածված է ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում, հոգևորականը առողջ երևույթ չի համարում: Ըստ նրա՝ սկզբից պետք է հասկանալ, խորանալ երևույթի մեջ, և հետո միայն փորձել գնահատական տալ դրան, բայց հիմնական նպատակը պետք է լինի ազգային ինքնության, մեր ժառանգության պահպանումն ու զարգացումը:

1/2990
bottom of page