Արամ Սարգսյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանն ազատ է արձակվել
- Elen Hovsepyan

- 5 days ago
- 2 min read

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ մեղադրվող գործարար Ստեփան Սամվելյանը կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին «Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ կցելով դատարանի որոշումը։
«Երևան քաղաքի ընդհանուր իրավաստության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ․ Մելիքյանի, քննության առնելով մեղադրյալ Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը, որոշեց այն փոխել և կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը։ Ստեփան Սամվելյանին անհապաղ ազատ արձակել»,- ասված է որոշման մեջ։
Նշվում է, որ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ ստանալու պահից 10-օրյա ժամկետում։
Ըստ մեղադրանքի՝ Ստեփան Սամվելյանը նախապատրաստել է Արամ Սարգսյանի սպանությունը։ Ըստ գործի նյութերի՝ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սամվելյանը նախապատրաստում է սպանություն, դրա հիմքի վրա դատարանը գաղտնալսելու թույլտվություն է տվել, ապա նաև նրա տունը խուզարկել են և մահճակալի տակ հայտնաբերել 1 մարտական նռնակ, որով իբրև թե պատրաստվել է իրականացնել սպանություն։
Նշենք, որ համացանցում մի շարք տեսանյութեր են շրջանառվում, որտեղ Արարատի մարզի բնակիչ, գործարար Ստեփան Սամվելյանը մեղադրում է Արամ Սարգսյանին բիզնեսի մասնաբաժին խլելու մեջ, ինչպես նաև քննադատում է գործող իշխանություններին և նրանց աջակցող ուժերին։
Ստեփան Սամվելյանին այս տարվա մարտին մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։ Սամվելյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հուլիսի 8-ին նշանակված հերթական դատական նիստը չէր կայացել Սամվելյանի առողջական վիճակի պատճառով։
Սամվելյանը կալանավորվել է հուլիսի 24-ին, տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։ Հուլիսի 31-ին նրան տեղափոխել էին Քննչական կոմիտե՝ քննչական գործողություններին մասնակցելու համար, որի ժամանակ նրա առողջական վիճակը վատացել էր, շտապօգնություն էին հրավիրել։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սամվելյանի գործով միջանցկյալ միջոց էր կիրառել։ ՄԻԵԴ–ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել էր Ստեփան Սամվելյանի համար կազմակերպել բժշկական փորձաքննություն, որի նպատակն է որոշել, թե արդյոք դիմողի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, և ապահովել, որ համապատասխան բժշկական եզրակացությունը տրվի հնարավորինս շուտ:




















