«ՀՐԱՊԱՐԱԿ». Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԿՆՈՋԸ ԴՐԴԵԼ՝ ՆԻԿՈԼԻՆ ԳՐԵԼ. «ՊԼՈՐՆԵՐԴ ՈՒՏԵՄ», ԵԹԵ ՈՉ ԱՆԲԱՎԱՐԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
- Elen Hovsepyan

- Feb 3
- 3 min read

Իշխանությունները եւ նրան ծառայող արբանյակները շարունակում են երկակի ստանդարտներով օրակարգ թելադրել, հանրությանն առաջնային հարցերից շեղելով մանիպուլացնել ու դեգրադացնել: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Փաշինյանի իշխանությունը թքած ունի մարդու իրավունքների, ներառյալ կանանց իրավունքների եւ բոլոր այն արեւմտյան արժեքների վրա, որոնք իբրեւ թե դավանում էին ժամանակին: Եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ սրբազաններից մեկը «դոմփում» է քեռակնոջը, թունավորելով տվյալ կնոջ կյանքը, թիրախավորելով նրան, եթե մի ղեկավար հանրային հանդիպման ժամանակ հայտարարում է, որ «շինելու» է ընդդիմադիր գործիչներին, եթե իր թիմակցի անձնական` ինտիմ նամակագրությունը դարձնում է հանրային քննարկման առարկա, ներխուժում մարդկանց անձնական կյանք եւ ուժային կառույցների միջոցով շանտաժի ենթարկում հոգեւորականներին, եթե զոհվածի մորը Եռաբլուրում ոստիկանները քարշ են տալիս գետնին, էլ ի՞նչ լիբերալ արժեքների եւ մարդու իրավունքների մասին կարող է խոսք լինել տվյալ երկրում: Եվ այս մարդկանց թվում է, թե հայ հանրությունն ամնեզիայով է տառապում` ոչինչ չի հիշում, կամ հավկուրություն ունի` ոչինչ չի տեսնում:
Արդեն մի քանի օր է, ինչ իշխանական քարոզիչները, անգամ այն պատգամավորները, ովքեր տարիներով ծպտուն չեն հանել, ոհմակի պես հարձակվել ու քննադատում են Սամվել Կարապետյանի որդուն` Սարգիս Կարապետյանին, մի անզգույշ հայտարարության, մի կատակի համար: Սա այն հանրությունն է, որ Դոգի սեռական հայհոյանքներն է կլանված լսում, անգամ կանանց թույլ է տալիս, որ հայհոյանքներ գրեն ու ասեն:
Հայաստանը մի երկիր է, որտեղ բոլորը, այդ թվում՝ կին ընդդիմադիր գործիչները, բուլինգի են ենթարկվում եւ թիրախավորվում իշխանականների ու իշխանական ֆեյքերի կողմից: Նրանցից մեկը նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Նա մեզ հետ զրույցում խոսելով կանանց իրավունքների եւ իշխանությունների կնատյաց վերաբերմունքի մասին՝ նկատեց.
«Ես հետեւում եմ, թե ինչ է կատարվում վերջին օրերին` մի կետից հրահանգվող: Ինչ-որ մի անհաջող կատակ, կոնտեքստից կտրված՝ արդեն քանի օր է՝ տարածում ու տարածում են: Ես նայեցի հաղորդման ամբողջական տարբերակը․ փոդքասթը վարողն է սկսում այդ թեման եւ խոսում է ակնհայտ փաստերի մասին: Այո, չի կարող երջանիկ, ինքնաբավ, բոլոր առումներով բավարարված կինը 24 ժամ նստել եւ Ֆեյսբուքում հայհոյանք գրել, չի կարող իր կողքին սիրող տղամարդ ունեցող կինն իր ամուսնուն ասել` մի գրկիր ինձ, մի սիրիր ինձ, ես հիմա պետք է նստեմ՝ Նաիրա Զոհրաբյանի կամ մեկ այլ կնոջ հասցեին սեռախեղված հայհոյանք գրեմ: Ժամանակին, երբ ես հանդգնություն ունեցա առաջադրվելու հեղափոխական էյֆորիայի ալիքում, որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, իմ դեմ նողկալի արշավ սկսվեց` որպես կին: Ես բոլոր նյութերը, սեռախեղված կոլաժներն ու մոնտաժված ձայնագրությունները եւ կանանց գնդի սեռախեղված հայհոյանքները, սպառնալիքներն ու նամակները պահել եմ, ու գալու է մի օր, որ դրանք ներկայացնելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչ է` ես կին չե՞մ: Ձայնագրություններ էին մոնտաժել, թե իբրեւ ես սփյուռքահայերին լափակեր եմ անվանել: Ինձ վրա փնթի կանանց մի խումբ էր հարձակվել այդ շրջանում, նրանք առաջին հերթին պետք է լողանային, հետո նոր իրավունք ունենային կարծիք հայտնելու, սակայն իրենց մեծ իրավունքներ էին վերապահված, քանի որ այդ ամենն ուղղորդված էր: Մի՞թե ես կին չէի: Այսօր խոսում են կանանց իրավունքների մասին, սակայն այդ ամենը ոչ մի աղերս չունի այն արժեքների հետ: Կամ՝ Թագուհի Թովմասյանը կին չէ՞ր, որ իրենց պատգամավորը, խմբակցության քարտուղար լինելով, ասաց` գնա, սեռավարակի թեստ հանձնիր: Ո՞ւր էին այդ ժամանակ կանանց դատապարտումները, որ այսօր հարձակվել են մի ինչ-որ անհաջող ձեւակերպման համար: Ի վերջո` մենք պետք է ընդունենք, որ մեր հասարակության մեջ կա մի սեգմենտ, որն ունի խնդիրներ: Խոսքն այն կանանց մասին է, որոնք ունեն հոգեբանական խնդիրներ, իսկ հոգեբանական խնդիրները շատ հաճախ գալիս են հենց ֆիզիոլոգիական խնդիրներից: Այդ մասին խոսելն ամոթ չէ: Մենք պետք է ունենանք համարձակություն՝ խոսելու այն մասին, թե ինչն է դրդում հայ կնոջը նստել եւ սեռական հայհոյանքներ գրել այս կամ այն անձի մասին, կամ՝ ի՞նչը կարող է հայ կնոջը դրդել՝ Նիկոլին գրել՝ «պլորներդ ուտեմ», եթե ոչ անբավարարվածությունը: Այդ կարգի մեկնաբանություններ գրողները հո բոլորը ֆեյք չե՞ն, նրանց մեջ նաեւ կան իրական օգտատերեր: Ես մի քանի անգամ դիմել եմ դատախազություն` իրական օգտատերերի գրառումների համար, սակայն ոչ մի ընթացք չի տրվել, անկապ մի երկու անգամ կանչել ու տուն են ուղարկել: Մենք պետք է հասկանանք, թե ինչպես է մեր հասարակության մեջ, այո, հիմնականում կանանցից կազմված մի սեգմենտ ձեւավորվել, որի մոտիվացիան հայհոյանքն է: Սա այն նույն սեգմենտն է, որը ձայն է տալիս ԱՄՆ-ում ծվարած հայհոյախոսին: Սա խնդիր է, որի մասին պետք է խոսել»:




















