top of page

Ռոնալդոն ունի ընդամենը 1 չեմպիոնություն. ArmSport-ը գնացել է զարմանալի փաստի հետքերով

Apr 3, 2024
1 min read

2003 թվականի ամռանը եվրոպական տրանսֆերային շուկայում լուրջ իրարանցում էր։ Թոփ թիմերը աջ ու ձախ գումարներ էին վատնում՝ «Բարսան» բերեց Ռոնալդինյոյին, «Ռեալը»՝ Բեքհեմին։ «Մանչեսթեր Յունայթեդում» ինչ-որ ժամանակ «7» համարի մարզաշապիկը ազատ էր։ Բայց Սըր Ալեքս Ֆերգյուսոնը գիտեր՝ այն ում է բաժին հասնելու։ 18-ամյա պորտուգալացի Ռոնալդոյի մուտքը խաղադաշտ մեծ քննարկումների առիթ դարձավ։ «Տեսա՞ք՝ Ռոնալդոն գնացել է «Յունայթեդ», տղե’րք։ Բայց սա ուրիշ Ռոնալդո է, պորտուգալացի է», — ասում էին բակում ֆուտբոլ խաղացող երեխաները։

Մասնագետները տարակուսանքի մեջ էին՝ այդ ինչ ինքնավստահություն պետք է ունենա ֆուտբոլիստը, որ գնա «Յունայթեդ», վերցնի «7» համարը և խաղա մի ազգանունով, որը տարիների ընթացքում դարձել էր «ֆուտբոլ» բառի հոմանիշը։ Անցան տարիներ, ու հիմա երկու Ռոնալդոներին (իրականում մյուսին արդեն սկսեցին ճանաչել որպես ՌոնալդՈՒ) տարբերելու համար օգտագործում են օգնող անուններ։ Հայերենում այդ խնդիրը չկա, իսկ, օրինակ, անգլերենում երկուսի ազգանունն էլ արտասանվում է «Ռոնալդո», ու պետք է կոնկրետացնել՝ «որ մեկը»։ Բրազիլացու մասին խոսելիս օգտագործվում է մի տերմին՝ «Ֆենոմենը»։

Պատկերացրեք, թե ինչ հսկա արժեք պետք է ունենա հարձակվողը, որ շարունակի ցայսօր համարվել «ֆենոմեն»՝ CR7-ի խաղալու տարիներին: Իսկ բրազիլացին այդպիսինն էր։ Եվ չնայած դրան, նա ակումբային մակարդակում մեղմ ասած անհաջողակի համբավ ունի։ 17-ամյա կարիերայի ընթացքում Ռոնալդոն նվաճել է ընդամենը մեկ (մեկ, Կա’ռլ) չեմպիոնություն։ Նա ոչ միայն Չեմպիոնների լիգայի գավաթ չի նվաճել, նույնիսկ եզրափակիչ էլ չի հասել։ Խորը շունչ քաշենք ու սուզվենք հիասթափությունների տարեգրության ծովը։ Խորհրդանշական է, որ Ռոնալդոյի անհաջողություններում մեծ դեր ունի ապրիլ ամիսը։

1/2990
bottom of page