top of page

«ՔՊ-ականների սիրտը սեր ու հարգանք է ուզում, ինչպես 2018-ին էր»․ Արմինե Օհանյան

Aug 28, 2025
2 min read

Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանավորների խմբակը, որը կենաց-մահու պայքար է մղում իշխանության մնալու համար, շատ ագրեսիվ է տրամադրված իրեն քննադատողների և, առհասարակ` հայ հանրության նկատմամբ: Այն հանրության, որն այլևս չի սիրում իրենց, չի հաճոյախոսում, այլ քննադատում է աղետալի կառավարման համար: Իսկ ՔՊ-ականների սիրտը սեր ու հարգանք է ուզում` այնպես, ինչպես 2018-ին էր, ուզում են, որ այսօր էլ իրենց հասցեին միայն գովեստներ շռայլեն: Իրենք ինչ աղետ ասես՝ բերեն ժողովրդի գլխին, բայց ժողովուրդը ոչ միայն ների ու հանդուրժի, այլև շարունակի հիանալ իրենցով, ամեն օր փառաբանի, Աստծուն շնորհակալ լինի, որ նման իշխանություն է իրենց պարգեւել:


Ուզում են, որ մարդիկ ասեն. Արցախը տվեցի՞ք` շատ ապրեք, այդ բեռից ազատեցիք մեզ բոլորիս: Միջանցքը զիջեցի՞ք` կեցցեք, բա հո հավերժ չէի՞նք կռվելու մեր հարեւանների հետ ինչ-որ Արցախի համար, ինչ ուզում են՝ տվեք, մենակ հանգիստ ապրենք: Հայտնի գործարար, սրբազաններ, ձեր դեմ խոսողներին ե՞ք բանտ ուղարկում` շատ էլ լավ եք անում, նրանց տեղը բանտն է, հերիք է բամբասեն ու բողոքեն ձեզնից` ո՞վ սխալներ չի անում: Մեր պատմությո՞ւնն եք ջնջում, Արարատն Արագածո՞վ եք փոխարինում, Սահմանադրությո՞ւն եք փոխում` Ալիևի պահանջով, ձեր ցավն էլ տանենք` ինչներիս է պետք «Ծովից ծով Հայաստանի» գաղափարախոսությունը, կամ` ի՞նչ տարբերություն` Մասիս սարի նկարը կկպցնենք մեր պատերին, թե՞ Արագածի: Կարևորը` Ալիև էֆենդին գոհ լինի մեզնից: Ռուսների՞ն եք վռնդում, բանա՞կն եք կրճատում` շատ ճիշտ քայլեր են. ռուսները չպահեցին Արցախը, բանակն էլ 20 թվի պատերազմում պարտություն կրեց` նման բանակ մեզ պետք չի: Համ էլ Ֆինանսներ կխնայվի, որ մեր սիրասուն իշխանավորները լավ ապրեն, բոլ-բոլ պարգևավճարներ ստանան, գործուղումների շատ գնան… մենք լավ չենք ապրում, գոնե դուք լավ ապրեք: Վարձավճարներն ու տուգանքնե՞րն եք բարձրացնում, հարկեր-տուրքե՞րը, լավ եք անում` պետության գլխավոր գործն իր քաղաքացու կաշին քերթելն է, ո՞ր երկրում հարկ ու տուրք չեն հավաքում: Դպրոցնե՞ր եք փակում, ծառե՞ր եք կտրում, ասֆալտի վրա նոր ասֆա՞լտ եք գցում` է, իսկ ո՞ր մեղր ծախողը մատը չի լպստում:


Շարքը կարող է շատ երկար լինել և ամեն ինչ ենթակա է արդարացման»:

 
 
1/2990
bottom of page