Հարիսը գերազանցել է Թրամփին՝ ընտրապայքարից Բայդենի դուրս գալուց ի վեր առաջին ազգային հարցումով
- Elen Hovsepyan

- Jul 24, 2024
- 2 min read

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը Ipsos-ի և Reuters-ի անցկացրած համազգային հարցմանարդյունքում 2%-ով գերազանցել է նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Հարիսին աջակցել է հարցված ամերիկացի ընտրողների 44%-ը, իսկ Թրամփին՝ 42%-ը։ Հարցումն անցկացվել է հուլիսի 22-23-ը, երբ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարեց նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին և իր փոխարեն պաշտպանեց Հարիսի թեկնածությունը։
Հուլիսի 15-16-ի հարցման ժամանակ Հարրիսն ու Թրամփը երկուսն էլ ստացել են 44%, իսկ հուլիսի 1-2-ին Թրամփը մեկ տոկոսային կետով գերազանցել է Հարիսին։
Վերջին հարցման համաձայն՝ գրանցված ընտրողների 56%-ը համարում է, որ 59-ամյա Հարիսը «սուր միտք ունի և կարող է լուծել խնդիրները»: Ընդ որում, 78-ամյա Թրամփին այսպես են բնութագրել հարցվածների 49%-ը։
Հարցված դեմոկրատ ընտրողների 91%-ը դրական է վերաբերվում Հարիսին: Հարցման մասնակիցների երեք քառորդը համաձայնել է, որ դեմոկրատները պետք է պաշտպանեն նրա թեկնածությունը: Մինչ այս Հարիսը բավականաչափ աջակցություն էր ստացել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու համար։ Ըստ Associated Press-ի հարցման՝ նրա օգտին պատրաստ են քվեարկել 2579 պատվիրակներ՝ անհրաժեշտ1976 ձայնի պարագայում։
Հարցմանը մասնակցած ընտրողներին ցուցադրվել է նաև հիպոթետիկ քվեաթերթիկ, որտեղ Հարիսից և Թրամփից բացի ընդգրկված է նաև նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը: Հարիսին աջակցել է ընտրողների 42%-ը, Թրամփին՝ 38%-ը։ Քենեդին ստացել է հարցվածների 8%-ի աջակցությունը։
Նախօրեին՝ հուլիսի 23-ին, Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է մի քանի հեռուստաբանավեճեր անցկացնել Հարիսի հետ, եթե նա դառնա Դեմոկրատական կուսակցության թեկնածու։ Մինչ այս Թրամփը ելույթ է ունեցել Բայդենի հետ հեռուստաբանավեճում։ Այս ընտրություններում գործող նախագահի ձախողումը եղել է ընտրապայքարից նրա դուրս գալու պատճառներից մեկը։
Հարիսը, Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում իր առաջին հանրահավաքում հայտարարել է, որ Թրամփը պիտանի չէ 21-րդ դարում երկիրը ղեկավարելու համար: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի ներկայիս նախընտրական քարոզարշավը ներկայացնում է երկրի երկու տարբեր տեսլականներ. դրանցից մեկը կենտրոնացած է ապագայի, իսկ մյուսն՝ անցյալի վրա։ «Մենք ուզում ենք ապրել ազատության, կարեկցանքի և օրենքի գերակայության երկրո՞ւմ, թե՞ քաոսի, վախի և ատելության երկրում»,- հարցրել է Հարրիսը հանրահավաքի մասնակիցներին։




















