top of page

«Հորդորում եմ մասնակցել Միասնության հանրահավաքին՝ փաստելու, որ մեզ ո՛չ հաղթել կլինի, ո՛չ էլ սպանել»․ Բագրատ Սրբազան

Aug 30, 2025
1 min read

«Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջը հրապարակել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի հերթական նամակը կալանավայրից, որում նշված է․ «Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

Սիրելիներ,


Ցավոք, այս պահին միայն այս կերպով կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ այս մեծ և կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման առիթով։


Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում՝ տոն, որը Աստվածատուր է՝ նվաճված մեր բազում եղբայրների ու քույրերի արյան ու տառապանքի գնով։


Ի հեճուկս բոլոր ստրկածինների և նրանց գլխավորի, Արցախյան ոչ թե շարժումը, այլև հատկապես հաղթանակն ու պայքարը շարունակվելու է, իսկ ուրացումը, վստահ եմ, կստանա իր բաժին պատիժը։


Այսու, կոչ եմ անում և հորդորում մեր բոլոր աջակիցներին և համակիրներին Սեպտեմբերի 2-ին «Ազատության» հրապարակում մասնակցել Միասնության հանրահավաքին՝ թե՛ ներքին ուրացողներին և թե՛ արտաքին աշխարհին ևս մեկ անգամ փաստելու և վկայելու, որ մեզ ո՛չ հաղթել և ո՛չ էլ առավել ևս սպանել չի լինի, որքան էլ զորանան դարձյալ պարտության են մատնվելու, զի Աստված ընդ մեզ է։


Շատ պիտի փափագեի Սեպտեմբերի 2-ին՝ այդ սրբազան օրը տեսնել և ողջագուրվել բոլորիդ հետ… Համարեք, որ այդպես է՝ տեսնել ձեր անկոտրում կամքը, անսասան հավատքը, վառվող աչքերը և անմնացորդ սերը հանդեպ մեր Արցախ աշխարհը, մեր ինքնություն և մեր հաղթանակող Հայաստան աշխարհը։


Հիշե՛ք, մի՛ վախեցեք, այլ միայն հավատացեք։


Հաղթանակն այլընտրանք չունի…


Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան և չեմ ներելու հանուն քեզ, Արցախ։


Հայրենիքի կալանավոր


Բագրատ արք. Գալստանյան»։

 
 
1/2990
bottom of page