Օրբանը Ռուսաստանի հետ բանակցել է ոչ ԵՄ-ի անունից. Մակրոն
- Elen Hovsepyan

- Jul 12, 2024
- 1 min read

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և Ռուսաստանի ու Չինաստանի միջև բանակցությունները նրա անձնական նախաձեռնությունն են, Եվրամիությունը մանդատ չի տվել իր անունից բանակցել։ Այս մասին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Դա վերաբերում է միայն Հունգարիային, նա բանակցություններ վարելու մանդատ չի ստացել»,- ասել է նա։ Նախագահը հավելել է, որ այդ հարցն անձամբ է քննարկել Հունգարիայի վարչապետի հետ։ Մակրոնը նշել է, որ Օրբանը կառավարության լեգիտիմ ղեկավար է, ով «անկախ է իր դիվանագիտության մեջ»։
«Նա այցելել է այս երկրներ՝ որպես Հունգարիայի վարչապետ, դա շատ օգտակար է, դա նրա ընտրությունն է», - ասել է Մակրոնը։ «Այդ այցերով նա մեզ [ԵՄ-ին] ոչ մի բան չի պարտադրում, քանի որ նա մեզ ոչ մի բանի մասին նախապես չի զգուշացրել»։
Հուլիսի 5-ին Օրբանն այցելել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիները և խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Ավելի ուշ վարչապետն այցելել է Պեկին, որտեղ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Ռուսաստան այցից առաջ Օրբանը հուլիսի 2-ին Կիևում այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։
Հունգարիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավոր կլինի լուծել միայն ԱՄՆ-ի և Եվրամիության մասնակցությամբ, և, իր կարծիքով, գլխավոր դերը պետք է կատարի Վաշինգտոնը, քանի որ նա է ապահովում Կիևին՝ հիմնական ռազմական և ֆինանսական աջակցությամբ։
Միևնույն ժամանակ, Հունգարիայի ներկայացուցիչները նշել են, որ այս նպատակին հասնելու համար հույս չունեն ամերիկյան ներկայիս վարչակազմի՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, քանի որ այն հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակման օգտին։




















