«Նամակը վաղուց էի ստացել». Սամվել Թոփալյանը պարզաբանում է աշխատանքից ազատման մասին գրառումը

Դերասան Սամվել Թոփալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել և կից գրառում արել, որ աշխատանքից ազատման նամակ է ստացել.
«Գոյում եմ, «Լոնդոն Բլյուզ ներկայացմանը: Դեռ չգիտեի, որ առաջին կարգի դերասան եմ, երեկ աշխատանքից ազատման նամակը ստացա ու էդ նամակի մեջ էր գրած, որ առաջին կարգի եմ, հիմա էդ լա՞վ է, թե չէ: Առավել ևս, որ աշխատանքից ազատվելուց ես իմանում, քանի որ մինչ այդ հետաքրքիր էլ չէր»,- գրել է դերասանը:
Tert.am Life-ի հետ զրույցում Սամվել Թոփալյանը նշեց, որ նամակը վաղուց էր ստացել, քանի որ Գոյ թատրոնի իրավահաջորդը Սունդուկյան թատրոնն էր:
«Ուղղակի նամակը ուշ է ինձ հասել, ես չեմ գնացել ստորագրել»,- նշեց դերասանն ու հավելեց, որ «Գոյ»-ը որպես Պոակ այլևս չկա, ինքը ազատված է Սունդուկյան թատրոնից:
«Ներկա փուլում ԿԳՄՍ նախարարության հետ բանակցությունների մեջ ենք: Մեր նպատակն է՝ մասնավոր հիմունքներով շարունակենք աշխատել այն տարածքում, որտեղ 35 տարի աշխատել է Գոյ թատրոնը» - նշեց դերասանը:
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
Նշենք նաև, որ մարտ ամսից փակվել է թատրոնի դուռը և դերասանները չեն կարողանում մուտք գործել և ներկայացումներ խաղալ։
Հեղինակ՝ Անի Մնացականյան




















