Այսօրվա նախաձեռնության մեջ Գեղամ Նազարյանն իր ստորագրությունն ունի. Սեյրան Օհանյան

«Պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ իմպիչմենտի ստորագրության միանալու հետ կապված արդեն ստացված են պայմանավորվածություններ, Բագրատ Սրբազանը տարածել էր հայտարարություն, որ նման խնդիր ինքը չի առաջացրել, չի ասել, որ դրա հետ կապված պրոբլեմ է լինելու»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ Ի.Զաքարյանն ու ընդդիմադիր երկու պատգամավոր չէին ստորագրել այսօր ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջնորդությունը, որով առաջարկվում էր արտահերթ նիստ հրավիրել և օրակարգում ընդգրկել կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին ԱԺ ուղերձը։Նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորները հուղարկավորության են եղել, ֆիզիկապես չեն կարողացել ստորագրել։
Հարցին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը միացե՞լ էր միջնորդությանը, նույն խմբակցության ղեկավար ճեպազրույցին ներկա Սեյրան Օհանյանն ասաց. «Գեղամ Նազարյանը, որպես «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ամբողջությամբ հավատարիմ է մեր բոլոր գաղափարներին, գործողություններին։ Այսօր նախաձեռնության մեջ էլ ինքն իր ստորագրությունն ունի։ Առավել քան վստահ եմ, որ մեր թիմի անդամ է ու միշտ մեզ հետ է լինելու»։
Հայկ Մամիջանյանն ասաց. «Երկու խմբակցություններն ինքնակամ են իմպիչմենտին հասնելու գործընթացի վերաբերյալ. դա 35 ընդդիմադիր պատգամավոր + 1 Իշխան Զաքարյան, որի վերաբերյալ կարծիքը Սրբազանը հայտարարել է։
Դա գալիս է՝ 36 ու դեռ շարունակելու ենք»։
Նա ընդգծեց, որ Շարժումն օգտագործելու է բոլոր քաղաքական գործիքները, լծակները, այսօրվա գործընթացը դրանից մեկն էր հասնելու համար արդյունքի. «Խոստանում եմ՝ օրենքով թուլատրված քաղաքական գործիք չի մնալու, որը մենք չփորձենք»։
Անդրադառնալով Սրբազանի՝ 96 ժամում հարցը լուծելու մասին հայտարարությանը, Մամիջանյանն ասաց․ «Մինչև այդ ժամը լրանալը շատ ջրեր կարող են հոսել, գուցե 96 ժամ հետո արդյունքի դեռևս հասած չլինենք, բայց ակնհայտ կլինի, որ հասնելու ենք արդյունքի»։
Ճշտող հարցին՝ ջրերը հոսեն, արդյունք չլինի, պլան Բ ունե՞ն, եթե խորհրդարանում բոլոր նախաձեռնությունները տապալվեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց. «Եկեք մի հատ էլ քրգործ շալակեմ՝ պայքարել մինչև արյան վերջին կաթիլը»։




















