top of page

«Գյուղացիներին փող չեն տալու, որովհետև ձայնն արդեն կորզել են». 425 միլիոնի սուբսիդավորումը՝ ՔՊ-ի ընտրական յուղման և առևտրային պատերազմի հետևանք․ Կամենդատյան

  • 1 day ago
  • 1 min read


«425 միլիոնը չեն տալու հասարակ գյուղացուն, այլ ձևով սուբսիդավորումը միանշանակ անարդյունք է»,- Panorama.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Կառավարության որոշմամբ՝ շուրջ 425 միլիոն դրամ կհատկացվի թզի և դեղձի մթերման ու վերամշակման գործընթացների սուբսիդավորմանը։ Ծրագրի պաշտոնական նպատակը բերքի իրացման խնդիրների մեղմումն է, սակայն տնտեսագետ Հրայր Կամենդատյանը Panorama.am-ի հետ զրույցում խնդիրը դիտարկեց ավելի լայն համատեքստում։

Ըստ Կամենդատյանի՝ ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է, քանի որ «այս մարդիկ հետևողականորեն հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե փչացնում են, դրանք տանում են դեպի առևտրային պատերազմ»։ Տնտեսագետը նշեց, որ հայտնվելով իրենց իսկ ստեղծած առևտրային պատերազմի մեջ՝ իշխանությունները փորձում են փող հատկացնել տուժածներին, սակայն կասկածի տակ է դնում այդ գումարների բաշխման արդարացիությունը։


«Ֆինանսական միջոցները գնալու են մարզպետարաններ, դրանք պետք է իրենց ծանոթներին, մոտիկներին տան, և այդ գումարի մեծ մասը դրանց է գնալու, դրանք էլ ապահովելու են ՔՊ-ի հաղթանակը առաջիկա կամ հաջորդ ընտրություններին»,- նշեց Կամենդատյանը։

Տնտեսագետի կարծիքով, սուբսիդավորումը պետք է ուղղված լիներ գյուղացուն, բայց դա չի արվում, քանի որ «գյուղացու ձայնն արդեն կորզել են, այս գյուղացին իրենց հետաքրքիր չէ»։

Անդրադառնալով վերամշակող ընկերություններին՝ Կամենդատյանը նշեց, որ նրանց աջակցելը տնտեսապես անտրամաբանական է, քանի որ «չրագործները, ընդհակառակը, հայտնվել են իդեալական պայմաններում, որովհետև այն շրջանառու միջոցները, որ իրենք պետք է ծախսեին, հիմա խնայում են՝ ունենալով մոտավորապես 2–2.5 անգամ ավելի շատ շրջանառու միջոցներ»։

Նշենք, որ օգոստոս ամսվա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը գնահատվում է մոտ 425 միլիոն դրամ՝ հաշվի առնելով կանխատեսվող 400 տոննա թզի և 3,000 տոննա դեղձի ծավալները։ Մթերման գործընթացների մշադիտարկումն իրականացնելու են մարզպետների աշխատակազմերը։

 
 
1/2886
bottom of page