top of page

«Պետք է չխաբվենք Հայաստանում տիրող ժամանակավոր, թվացյալ խաղաղությամբ»․ Սեյրան Օհանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 28
  • 2 min read


ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկական բանակը ձևավորվել է մեզ պարտադրված պատերազմի, շրջափակման և աղետալի երկրաշարժի պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության ու պետականության կայացմանը զուգահեռ։


Ծանրագույն, անհավասար և սրբազան ազատամարտում, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ, նա դարձել է ՀԱՂԹԱՆԱԿԱԾ, այնուհետև նվիրական ծառայությամբ ճանաչվել տարածաշրջանում ՄՐՑՈՒՆԱԿ և միջազգային գործընկերների հետ ՓՈԽԳՈՐԾՈՒՆԱԿ։


Սակայն կամավորական, ֆիդայական տարանջատված ջոկատներից, զրոյից և մեծ դժվարություններով ստեղծված կանոնավոր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ,


անփորձ ռազմաքաղաքական ղեկավարության անգործության և ժողովրդի միասնականության խաթարման հետևանքով, նորից վերածվեց կամավորականների


խմբերի, ինչն էլ ազդեց մեր պարտությունների և դեռևս շարունակվող անհաջողությունների ընթացքի վրա։


Աներկբա է, որ բանակը եղել և մնում է մեր անվտանգության կարևոր երաշխավորը, տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում որոշիչ դերակատարը և միշտ կմնա, առավել ևս հիմա՝ մեզ ուղղված սպառնալիքների պայմաններում։


Պետք է չխաբվենք Հայաստանում տիրող ժամանակավոր, թվացյալ խաղաղությամբ, այլ սթափ գնահատելով հակառակորդի մոլորեցնող, մեր զգոնությունը թուլացնող


բացահայտ քայլերը՝ գործուն, արագընթաց միջոցներ ձեռնարկենք բանակի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Դա կարող է տեղի ունենալ միայն մեզ ուղղված մարտահրավերներին համահունչ կազմհաստիքային և


կառուցվածքային փոփոխություններով, ժամանակակից և հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների ձևավորմամբ ու արագ համալրմամբ։ Միևնույն ժամանակ անչափ կարևոր է ժամանակակից սպառազինության ձեռքբերմանը զուգահեռ դրանց կիրառման հմտություններին տիրապետելը, որը պետք է արտահայտվի ակտիվ մարտական պատրաստությամբ՝ սկսած ստորաբաժանումների ներդաշնակումով և դաշտային վարժվածությամբ, ավարտած խոշոր զորավարժություններով։


Ես հավատում եմ, որ Հայկական բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը և հետագայում նույնպես պատվով ծառայել ու դիմակայել մարտահրավերներին։


Ի սրտե շնորհավորելով Հայկական բանակի կազմավորման տարեդարձը, մաղթում եմ բոլորին՝ հատկապես սահմանին կանգնած մեր հրամանատարներին, զինվորներին


անվտանգ ծառայություն, բարձր մարտական ոգի և նոր ձեռքբերումներ հայրենիքի պաշտպանության սուրբ գործում։


Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր, խոնարհվում և խնկարկում ենք մեր հերոս նահատակների հիշատակի ու սխրանքի առաջ։


Նրանց հավերժ փառք»։

 
 
1/2572
bottom of page