top of page

Որքան նրանք պառակտեն, մենք խոսելու ենք միավորումից․ Աննա Գրիգորյան

Jul 4, 2025
2 min read

 « Այսօր Սամվել Կարապետյանը  գտնվում է կալանքի տակ, որովհետև պաշտպանել է հայ առաքելական սուրբ եկեղեցուն»,- այս մասին  ի  պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքի ընթացքում իր ելույթում նշեց ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հիմա այդ մարդը, որ այդ հրամանը տվել է, պետք է տեսնի այստեղ հավաքված  հազարավոր մարդկանց, որ այստեղ են ևս պաշտպանելու Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Վստահ եմ, որ այս կալանավորումը քաղաքական երկու հիմնական պատճառ է ունեցել։Նախ՝ իսկապես փոքրիկ խմբակի ղեկավարը սեփական աթոռը կորցնելու վախից փորձում է չեզոքացնել Սամվել Կարապետյան անձի գործոնն ու ազդեցությունը մեր հասարակական, քաղաքական կյանքում։ Եվ 2-րդ կարևոր պատճառը՝ Ալիևը դեռ 2021 թ․ից էր հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, բայց քանի որ Ալիևի ձեռքերը չեն հասել Կարապետյանին, իր խամաճիկի ձեռքերով է հաշվեհարդար տեսնում։ Սա է իրականությունը»,- ասաց քաղաքական գործիչը։

Պատգամավորը շեշտեց, որ կանգնելու են արդարության համար։

«Կանգնելու ենք Սամվել Կարապետյանի և Հայոց առաքելական եկեղեցու թիկունքում ։ Դա չենք անելու  չառությամբ, անելու ենք սիրով, անելու ենք միասնականությամբ, համոզմունքով, վճռականությամբ մեր բոլորիս երազած հայրենիքի համար։ Որքան նրանք պառակտեն, մենք խոսելու ենք միավորումից։ Որքան նրանք վախ սերմանեն, մենք ավելի կուռ, վճռական ենք դառնալու։ Որքան նրանք պղծեն և հարձակվեն եկեղեցու վրա, մենք կանգնելու և պաշտպանելու ենք մեր եկեղեցին։ Որքան նրանք փորձեն մոռացության տալ Արցախը, մենք ավելի վճռականությամբ ենք խոսելու մեր հայրենակիցների՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքի մասին։ Որքան նրանք հալածեն որդեկորույս ծնողներին, նույնիսկ՝ անամոթաբար Եռաբլուրում նրանց քարշ տալով, մենք ավելի ենք խոնարհվելու նրանց և նրանց զավակների կատարած հերոսությունների առջև, որովհետև այդ հերոսությունները չեն եղել հանուն ոչնչի»,- հայտարարեց Գրիգորյանը։

Քաղաքական գործիչն ընդգծեց, որ հավաքին ներկա հայերի շարժիչ ուժը ոչ թե վախն ու ատելությունն է, այլ՝ սերը, հավատքն առ Հայրենիք։

«Այստեղ կանգնած մեզանից յուրաքանչյուրը իր համոզմունքի համար, ինչպես այսօր Սամվել Կարապետյանն է, մեր հոգևոր հայրերն են, բազմաթիվ մարդիկ ենթարկվում են հալածանքների։ Միգուցե վաղն այստեղ կանգնած այլ մարդկանց նկատմամբ լինեն հետապնդումներ։Բայց, սիրելիներս, սեղանին դրված է մեր պետականության հարցը, մեր եկեղեցու հարցը, մեր հավատքի հարցը, մեր արմատների հարցը, այստեղ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք, պայքարելու ենք․․․»,- հավելեց պատգամավորը։

 
 
1/2990
bottom of page