top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ԱՐԱ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ ԵՒ ԳԱԼԵՅԱՆԻ ԴԵՊՔԵՐԻՑ ԸՆԿՃՎԵՑԻՆՔ, ԲԱՅՑ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 days ago
  • 2 min read
ree


«Հրապարակի» զրուցակիցը կապիտան Իշխան Պետրոսյանի այրին` Արուս Հարությունյանն է: 



- Հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանը բացահայտ պատերազմ է սկսել: Նա անում է ամեն հնարավոր բան, որ Գարեգին Բ կաթողիկոսը լքի վեհարանը: Մենք տեսնում ենք, որ մարդիկ Փաշինյանի այս արշավին չեն աջակցում, վարչական ռեսուրսի կիրառմամբ նա ընդամենը մի քանի հարյուր մարդ է կարողանում հավաքել, սակայն շարունակում է հակաեկեղեցական արշավը:


- Վերջնականապես Հայաստանն ուզում են փլուզել, խառնել եւ վերացնել: Սրանք ամեն ինչի ընդունակ են: Ինչ վերաբերում է այդ եպիսկոպոս կոչեցյալ նյութապաշտներին, ապա դրանք միայն իրենց շահի մասին են մտածում: Ես չեմ հավատում, որ շահից բացի այլ շարժառիթ են նրանք ունեցել: Ուղղակի վախեցան, որ իրենց ունեցվածքից կարող են զրկվել: Բոլորիս էլ հայտնի է, թե ով է Կճոյանը եւ ինչ էր ու հիմա ով է ու ինչ է…. որպեսզի իր ցեխերը ջրի երես չհանեն, դրա համար մտավ Նիկոլի տակ: Հպատակներն էլ՝ հետեւից: Մենք` բոլորս, տեսնում ենք, թե ովքեր են Եկեղեցուն ծառայում եւ ովքեր են շահին ծառայում: Շատ լավ ամեն ինչ երեւում է:


- Իսկ Արցախի թեմի առաջնո՞րդը: Ո՞վ կմտածեր, որ նա նման քայլի կդիմի:


- Ով գիտի, թե ինչեր է իր հետ Արցախից բերել Արցախից փախած թեմի առաջնորդը: Նա էլ է վախենում իր ունեցվածքը կորցնելուց: Նրանք՝ բոլորը, ազգուրաց, ժողովրդի արյունն ու քրտինքն ուրացող տզրուկներ են, ովքեր մխրճվել են ազգի արյան տակ, ու դրանցից պրծում չկա: Ոչ մի դեզինֆեկցիա մեզ չի փրկի դրանցից: Ուղղակի նողկալի են:


- Եկեղեցուն հավատարիմ սրբազանները բանտարկված են` ահաբեկչության փորձի, զինված հեղաշրջման կոչի եւ մարիխուանան ուրիշի ուսապարկը գցելու մեղադրանքներով: Հավատո՞ւմ եք այդ մեղադրանքներին:


- Իսկ ո՞ր մի սթափ մարդը կարող է հավատալ այդ ամենին: Միայն Աջապահյանի աչքերին նայելով՝ չի կարող հավատալ այդ մեղադրանքներին…. երբ առհասարակ լսում եմ այս թեման, անկախ ինձնից, հուզվում եմ, որովհետեւ բանտախուցը նրանց տեղը չէ: Այսօր նրանք մեզ պետք է առաջնորդեին, այլ ոչ թե բանտ ընկնեին: Նրանք թե՛ գաղափարապես, թե՛ հոգեպես կարող էին հայ ժողովրդի կողքին կանգնել՝ այս նեղ վիճակում: Նիկոլը վախեցավ ընդամենը մեկ բանից` սրբազանների գաղափարից: Միքայել Աջապահյանն այնպիսի հոգեւոր զորություն ունի, որ ոչ մեկը չի կարող նրան հաղթել: Նրան կարող են միայն ֆիզիկապես փակել…. հոգեւոր առումով` երբեք:


- Մի քանի զոհվածի ծնողի բանտարկելով, կարծես, կարողացան որոշակիորեն լռեցնել այդ զանգվածին, որն ուներ պայքարի մեծ պոտենցիալ:


- Չէ, իրականում` ոչ: Ուղղակի Արա Ռոստոմյանի եւ Գարիկ Գալեյանի հետ կապված դեպքերը մի փոքր հոգեպես ընկճեցին մեզ, սակայն մենք մարտական ենք տրամադրված, ու այնպես չէ, որ ոչինչ չենք անում: Հականիկոլիզմ ենք պրոպագանդում ամեն մեկս մեր շրջապատում, մինչեւ տեսնենք, թե ինչ կլինի: Մենք տեսանք, որ միայն դուրս գալով ու բղավելով հարց չի լուծվում, գոնե մարդկանց շրջանում աշխատենք, որ 2026-ի ընտրություններում մի բանի հասնենք:


- Իսկ ստացվո՞ւմ է մարդկանց աչքերը բացել:


- Պատկերացրեք, որ մեր ժողովուրդն ահագին արթնացել է: Մարդիկ սթափ են բավականին: Գրեթե բոլորն ունեն աշխատանքի կարիք: Սամվել Կարապետյանն ունի մեծ պոտենցիալ: Մարդիկ Կարապետյանի հետ հույսեր են կապում: Չգիտեմ, ես լիահույս եմ, որ 2026-ին սրանք չեն ընտրվի: Իմ կյանքի վերջին լուսավոր կետը 2026 թվականի ընտրություններն են: Եթե դա էլ չեղավ, աշխարհն ինձ համար կփլուզվի: Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն, ապա պետք է հիշել, թե ինչ եղավ 1915 թվականին: Մարդիկ կոտորվեցին հանուն քրիստոնեության: Նրանք, ովքեր հավատք չունեին, մնացին այնտեղ ու հպատակվեցին: Մեր պատմությունը մի՞թե դասեր չի տալիս մեզ: Թեպետ սրանց համար պատմությունը դարձել է առասպել, Մաշտոցը` անկարեւոր մեկը: Անգամ ամենավատ երազում նման բան չէի կարող տեսնել:



 
 
bottom of page