Կրկեսային բեմադրությունները վարչական ղեկավարի վախերի մասին են վկայում. Վահագն Մելիքյանը՝ «ընդդիմության հեղաշրջման պլան»-ի մասին

Թշնամու ջրաղացին ջուր լցնելով՝ այսօրվա իշխանություններն իրենք են հենց ձեռնարկել եկեղեցու դեմ այս շարժումը. «Արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
«Բնկանաբար, մանիպուլատիվ մոտեցումներով պետք է ցույց տան, որ սա եկեղեցու դեմ չէ, այլ՝ ուղղակի անհատների՝ թիրախավորելով Վեհափառ Հայրապետին։ Բայց միտումը շատ պարզ է, ուղղակի ուղղված է բուն իստիտուտը, հայ ինքնությանը երաշխավոր հանդիսացող կառույցը թուլացնելուն, դիմադրողականությունն իջեցնելուն և այնպես անելու, որ հասարակությունը խորը անտարբերության մեջ շատ ավելի անտարբեր դառնա, հաղորդակից չլինի, չխորանա, չմտածի, թե ինչ սպառնալիքների ու վտանգների առջև է կանգնած ՀՀ-ն»,-ասաց դեսպանը։
Նա համոզմունք հայտնեց, որ այն, ինչ նախատեսել է այսօրվա իշխանությունը, չի հաջողվելու։
«Այն, ինչ ձեռնարկել են, ուղղակի դատապարտված է լինելու։ Ժողովուրդն ամեն ինչ հասկանում է։ Միևնույն է, ոտքի են կանգնելու՝ պաշտպանելու սուրբ սրբոցը՝ Հայ առաքելական եկեղեցին»,-ասաց նա։
Անդրադառնալով «Ընդդիմության հեղաշրջման պլան»-ին վերաբերող հրապարակմանը և ապա իրավապահների կողմից ընդդիմադիրների տներում խուզարկություններին, այդ թվում՝ նաև Բագրատ Սրբազանի, դեսպան Մելիքյանն հակադարձեց. «Այս թատրոնով չեն կարող խաբել, այդ կրկեսային բեմադրությունները, չգիտեմ՝ որ սենյակներում ինչ նորելուկ տեխնոլոգների կողմից են ծնված՝ հիվանդագին անհասկանալի սխեմաներով»։
Ըստ նրա, այս ամենը վարչական ղեկավարի վախերի մասին են վկայում։




















