Մեր մտածողության և գործունեության մասշտաբը մեկ ֆուռի տրամաբանությամբ է աշխատում. գնահատում եմ Ադրբեջանի՝ նավթամթերք վաճառելու պատրաստակամությունը. Փաշինյան
- Elen Hovsepyan

- 1 day ago
- 1 min read

Ինչ-որ բան է տեղի ունեցել Հայաստանի հետ կապված, մենք պետք է վերաբերմունք արտահայտենք դրան, և մենք դրական ենք վերաբերվում: Այս մասին Կառավարությունում, ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող բեռներին և Ադրբեջանից ներկրված բենզինին:
«Իրականում մի քանի բան է տեղի ունեցել. տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում, ընդ որում՝ մի անգամ Ղազախստանի համար, մի անգամ Ռուսաստանի համար, հետո տեղի է ունեցել հաջորդ բանը՝ արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա»,-նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ կարող է հարց հնչել, իսկ ինչո՞ւ հայկական կողմից ապրանք չի արտահանվում այդ ուղղությամբ, նա ասել է. «Մեր մտածողության և գործունեության մասշտաբը մեկ ֆուռի տրամաբանությամբ է աշխատում, որովհետև գնացք բեռնելը և որևէ ուղղությամբ ուղարկելը որոշակի բարդություն է: Պետք է այդքան ապրանք կոնսոլիդացնել մի տեղ, որովհետև գնացքը չի կարող դատարկ գնալ»:
Վարչապետը նշել է, որ երրորդ բանը, որը տեղի է ունեցել, Ադրբեջանի՝ Հայաստանի գործարարներին նավթամթերք վաճառելու պատրաստակամությունն է, և այդ պատրաստակամությունն արտահայտվել է, այդ գնացքը եկել է, հայտնվել է շուկայում:
«Կարծում եմ՝ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք: Ես, այո՛, արտահայտում եմ այդ վերաբերմունքը և կարծում եմ՝ ճիշտ եմ անում: Ընդ որում, ինչու եմ տարբեր տեղերում արձանագում, քանի որ դա կարևոր է ԵԱՏՄ-ի համար: Ուզում եմ ցույց տալ և հայտարարում եմ, որ խաղաղությունն իրականություն է, այն ունի արտահայտչաձևեր»,-ասել է Փաշինյանը:




















