top of page

Lռելն այլևս տարբերակ չէ. Ավանի թիվ 57 մանկապարտեզում կրքերը չեն հանդարտվում, ի հայտ է եկել սկանդալային ձայնագրություն

3 days ago
5 min read

Ավանի թիվ 57 մանկապարտեզում կրքերը չեն հանդարտվում։ Դատարանի վճռով մանկապարտեզի տնօրենի պաշտոնին վերադարձած Մարգարիտա Հովհաննիսյանը հրապարակել է սկանդալային ձայնագրություն, ըստ որի, մինչ իր վերադարձը ժողով է հրավիրվել ու դաստիարակներին հրահանգել են արհամարհել տնօրենին։

Մ. Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ձայնագրությանը կից հրապարակային հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեին.

«Երբ աշխատողը համարձակվում է բարձրաձայնել իր վերադասների կողմից ենթադրաբար թույլ տրված իրավախախտումների մասին, հարցը դադարում է լինել զուտ աշխատանքային․ այն դառնում է օրենքի գերակայության և արդարադատության իրական պաշտպանության խնդիր։

խնդրում եմ գնահատել նաև այդ հոդվածի կիրառելիությունը։


ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ


ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե


ՀՀ քննչական կոմիտե


(ըստ ենթադրյալ հանցագործությունների քննության իրավասության)

Հաղորդում ներկայացնող՝ Ավանի թիվ 57 մսուր-մանկապարտեզի ղեկավար՝ Մարգարիտա Հովհաննիսյանից

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ես՝ Մարգարիտա Հովհաննիսյանս, հայտնում եմ հետևյալը։

Դեռևս 2011 թվականից զբաղեցրել եմ Ավանի թիվ 57 մանկապարտեզի ղեկավարի պաշտոնը, 2024թ-ի հոկտեմբերից սկսվել են իմ նկատմամբ անօրինական ճնշումներ և հետապնդումներ, որոնց հետևել են նաև թվով 4 անօրինական կարգապահական տույժեր, այդ թվում նաև՝ աշխատանքային պայմանագրի լուծում:

Վիճարկելուց, և դատական բոլոր ատյաններով անցնելուց հետո 30.09.2026թ.-ին վերջնական դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, անվավեր են ճանաչվել բոլոր որոշումները, և վերականգնվել եմ իմ պաշտոնում:

05.10.2026թ.-ին ներկայացել եմ Ավան վարչական շրջանի աշխատակազմին, հանձնել եմ դիմում՝ աշխատանքի անցնելու պատրաստակամությանս մասին: Որևեէ մեկը չի ընդունել ինձ, կարծում եմ՝ անհարմար զգալով և ամաչելով իրենց գործողություններից:

Մոտեցել եմ համայնքի ղեկավար Վահե Հակոբյանին, ով նույնպես հրաժարվել է ընդունել /առկա է տեսագրություն/:

Հետագայումհայտնել են, որ 06.10.2026թ.-ից կարող եմ անցնել իմ աշխատանքային պարտականություններին:

06.10.2026թ.-ին ներկայացել եմ աշխատանքի, և սկսվել է հերթական անօրինականություններն ու իմ իրավունքների ոտնահարումը:

Ինձ տրամադրվել է պահեստային սենյակ՝ որպես աշխատասենյակ, իմ նախկին աշխատողները շատ վախվորած էին, փորձում էին ինձ հետ հաղորդակցվել գաղտնի, նշում էին, որ ուրախ են ինձ տեսնել կրկին որպես ղեկավար, սակայն չեն ցանկանում, որ համայնքում իմանան դրա մասին:

Օրեր անց, ստանում եմ ձայնագրություն, որն իրականացվել է 05.10.2026թ.-ին: Ձայնագրության գլխավոր հերոսները Ավան վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Զաքարյանն է և Ավանի մսուր-մանկապարտեզներ ՀՈԱԿ-ի տնօրեն Արփինե Հակոբյանը:

Վերջիններս ստանալով իմ դիմումը՝ շտապել են մանկապարտեզ, աշխատակազմը հրավիրվել է ընդհանուր ժողովի, որի ընթացքում աշխատակիցներին, ներկայացվել են իմ նկատմամբ վերաբերմունքի և աշխատանքս փաստացի խոչընդոտելու վերաբերյալ կոնկրետ ցուցումներ։

Աշխատակիցներին հայտնել են, որ ինձ տրամադրվելու է պահեստային սենյակ, որտեղ պահվում են տնտեսական ապրանքներ և օճառներ, և ես պետք է գտնվեմ աշխատակազմից մեկուսացված վիճակում՝ փաստացի հայտնվելով լուսանցքում։

Միաժամանակ աշխատակիցներին հորդորվել է՝

1. ղեկավարին չբարևել և նրա հետ որևէ հաղորդակցության մեջ չմտնել,

2. անտեսել նրան և նրա նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք,

3. չմասնակցել նրա կողմից հրավիրվող ժողովներին կամ չարձագանքել նրա հրավերներին,

4. չենթարկվել նրա օրինական կարգադրություններին,

5. ստեղծել այնպիսի իրավիճակ, որ վերջինս իրեն մեկուսացված, անտեսված և աշխատանքային միջավայրում անցանկալի զգա։

Այս գործողությունների ակնկալվող արդյունքը ներկայացվել է հստակ ձևով․ ես ի վերջո պետք է ինքնակամ լքեմ պաշտոնս, ընդ որում՝ նշվել է, որ դա պետք է տեղի ունենա տասն օրվա ընթացքում։

Բացի այդ, իրավաբանական վարչության պետը և ՀՈԱԿ-ի տնօրենը, աշխատակիցներին հայտնել են, որ փոխանցում են նաև համայնքի ղեկավարի՝ պարոն Հակոբյանի խոսքը, հավաստիացրել են, որ աշխատողների թիկունքին են, շարունակելու են աջակցել իրենց, և իրենց գործողությունների համար պատասխանատվության չեն ենթարկվելու։

Փաստացի՝ առկա է եղել նախապես համաձայնեցված գործողությունների ծրագիր, դրա մասնակիցներն օգտագործել են պաշտոնեական դիրքը կամ ազդեցությունը և համայնքի ղեկավարն ունեցել է համապատասխան ցուցումների կամ գործողությունների վերաբերյալ տեղեկացվածության և համաձայնության իրական առնչություն, կամ՝ Աշոտ Զաքարյանը համայնքի ղեկավարի անունը շահարկելով՝ փորձել է սեփական նախաձեռնությամբ իմ դեմ արշավ իրականացնել /թող պարզի քննությունը/:

Հատուկ ընդգծում եմ, որ խնդիրը չի սահմանափակվում առանձին աշխատակիցների հնարավոր անհարգալից վերաբերմունքով։ Նկարագրված հանգամանքների ամբողջությունը՝ ընդհանուր ժողովի կազմակերպումը, աշխատակիցներին կոնկրետ վարքագծի հրահանգավորումը, ղեկավարին աշխատանքային տարածքից մեկուսացնելու մտադրությունը, նրա օրինական կարգադրություններին չենթարկվելու հորդորները, պատասխանատվությունից պաշտպանված լինելու հավաստիացումները և տասնօրյա ժամկետում աշխատանքից հեռանալու նպատակադրումը, պահանջում է համակողմանի ստուգում։

Էական է, որ դատարանի դատական ակտով անձի նախկին աշխատանքում վերականգնումը ենթադրում է ոչ միայն պաշտոնի ձևական վերադարձի հարցի լուծում, այլև դատական ակտի բովանդակությունից բխող պարտավորությունների պատշաճ կատարում։

Եթե ապացուցվի, որ պաշտոնատար անձինք դիտավորությամբ խոչընդոտել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը, անհրաժեշտ է քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի կիրառելիությունը։

Միաժամանակ խնդրում եմ տարբերակել դատական ակտի ձևական կատարման հնարավոր թերությունները և դրա կատարմանը դիտավորությամբ խոչընդոտելը: Ցանկանում եմ ցիտել ներկայացված ձայնագրության մեջ Աշոտ Զաքարյանի խոսքն այն մասին, որ թեև դե յուրե կատարելու են դատական ակտը, սակայն դե ֆակտո չի կատարվելու:

Մեջբերեմ նաև, որ վերջինս նշում է այն մասին, որ ես կաշխատեմ այնքան, քանի նորից չեն հանել:

Նկարագրված գործողությունները խնդրում եմ գնահատել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի տեսանկյունից, քանի որ իմ նկատմամբ դրսևորվել է տարբերակված վերաբերմունք, որն առանց օբյեկտիվ հիմքի կամ իրավաչափ նպատակի ոտնահարել է իմ իրավունքները և այդ վերաբերմունքը պայմանավորված է եղել հոդվածով նախատեսված անձնական կամ սոցիալական բնույթի հանգամանքով։

Պաշտոնեական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության օգտագործման հանգամանքը նույնպես ենթակա է ստուգման՝ օրենքով նախատեսված համապատասխան մասի կիրառելիությունը որոշելու համար։

ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդված՝ անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք.Աշխատակազմի ընդհանուր ժողովում մեկ անձի՝ իմ նկատմամբ արհամարհանք, մեկուսացում և անհանդուրժողական վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ հնարավոր հրահանգները խնդրում եմ ստուգել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի տեսանկյունից։

Խնդրում եմ գործողություններին տալ իրավական գնահատական նաև ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի տեսանկյունից։

Փաստացի աշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական դիրքը կամ ազդեցությունը, կազմակերպել կամ խրախուսել են աշխատակիցների կողմից վերականգնված ղեկավարի աշխատանքը խոչընդոտող գործողությունները, որը հակասել է նրանց ծառայողական պարտականություններին և դուրս են եղել լիազորությունների շրջանակից ։

Հատուկ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ աշխատակիցներին, ըստ առկա տեղեկությունների, հավաստիացրել են, թե իրենց գործողությունների համար պատասխանատվության չեն ենթարկվելու, քանի որ համայնքի ղեկավարն իրենց աջակցելու է։

Այսինքն՝ օգտագործվել է պաշտոնեական ազդեցություն, առկա է եղել գործողությունների նախնական համաձայնեցում, և դրան մասնակցել են պաշտոնատար անձինք։

ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդված՝ դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը

Այս հոդվածի կիրառելիության հարցը խնդրում եմ դիտարկել որպես հաղորդման առանցքային ուղղություններից մեկը։

Եթե դատական ակտով անձը վերականգնվել է նախկին պաշտոնում, իսկ դրանից հետո պաշտոնատար անձինք կամ համապատասխան լիազորություններ ունեցող անձինք դիտավորությամբ կազմակերպել են նրա լիազորությունների իրականացման խոչընդոտումը՝ նրան աշխատանքից հեռանալուն հարկադրելու նպատակով, ապա անհրաժեշտ է պարզել՝ արդյոք այդ գործողությունները կազմել են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարք։

Խնդրում եմ հաղորդման քննության ընթացքում ստուգել նաև այլ հանցակազմերի առկայությունը, եթե փաստական հանգամանքները բավարար հիմք տան դրանց քննարկման համար։

Մասնավորապես, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հատուկ նպատակների և մյուս պարտադիր հատկանիշների առկայության դեպքում, խնդրում եմ գնահատել նաև այդ հոդվածի կիրառելիությունը։

Նկարագրված հանգամանքների լիարժեք և օբյեկտիվ քննության նպատակով կից ներկայացնում եմ իմ կողմից վկայակոչված ձայնագրությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ՝

1. Սույն հաղորդումն ընդունել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։

2. Ստուգել ներկայացված փաստերը և որոշել քրեական վարույթ նախաձեռնելու իրավական հիմքերի առկայությունը։

3. Պարզել Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանի, աշխատակազմի քարտուղար Աշոտ Զաքարյանի և Ավանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ի տնօրեն Արփինե Հակոբյանի և հնարավոր այլ մասնակիցների գործողությունների բնույթը, նպատակը և փոխկապակցվածությունը։

Հայտնում եմ, որ սույն հաղորդմամբ ներկայացված հանգամանքները ներկայացնում եմ որպես ինձ հայտնի փաստեր և ստուգման ենթակա տեղեկություններ։ Խնդրում եմ դրանց իրավական գնահատականը տալ օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում»։



Արձագանքելով հրապարակմանը՝ Մ. Հովհաննիսյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը նշել է.



«Երբ պետական լիազորությունները վերածվում են չարաշահման գործիքի, իսկ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ի հայտ են գալիս մտահոգիչ հանգամանքներ, լռելն այլևս տարբերակ չէ»։


 
 
1/2990
bottom of page