top of page

ՆԱՐԵԿ ՄԱԼՅԱՆԻՆ ԱՍԵՔ՝ ՀԱՆԳԻՍՏ ՄՆԱ

Jun 10, 2025
1 min read

Երեկ 168.am-ի հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասել էր, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությանը ծանոթանալուց հետո ինքը զանգահարել է նրան՝ ճշտելու համար՝ ի՞նչ քննարկումների մասին է խոսքը, և պայմանավորվելու դրանք սկսելու մասին: Նա ասել էր․ «Սեյրան Օհանյանն ասաց՝ օր և ժամ կասի, թե երբ ենք մենք հանդիպելու այդ քննարկումները սկսելու համար: Այնպես որ, մենք հիմա սպասում ենք, որ մեզ քննարկումների ստույգ օր ու ժամ ասեն»: 



Իսկ այսօր Նարեկ Մալյանը գրառում է արել․


«Տեղեկացնեմ հանրությանը. Հիշու՞մ եք Սեյրան Օհանյանը երեկ հայտարարեց, որ պատրաստ են իմպիչմենտի թեմայով քննարկումների Պատիվ Ունեմ խմբակցության հետ: Եկել եմ ասեմ, որ էդ էլ էր սուտ՝ պատրաստ չեն: Առ էս պահը Սեյրան Օհանյանը չի հանդիպել և չի քննարկել ոչինչ»: 


Մենք փորձեցինք Սեյրան Օհանյանից կամ Հայկ Մամիջանյանից մեկնաբանություն ստանալ, թե ինչու եւ ում մեղքով չի կայացել այդ հանդիպումը։ Սակայն Սեյրան Օհանյանի հեռախոսն անհասանելի էր, իսկ Հայկ Մամիջանյանը չպատասխանեց մեր զանգերին։ 


Մենք կապվեցինք «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Նարեկ Մալյանը կամ անտեղյակ է, կամ ստում է։ Կամ՝ երկուսը միասին։ Հայկ Մամիջանյանը երեկ զանգահարել է Սեյրան Օհանյանին եւ առաջարկել հանդիպել։ Հետո 168.am-ում գրել է այդ մասին՝ որ սպասում են։ Երկար չեն սպասել՝ Սեյրան Օհանյանը զանգահարել է Մամիջանյանին եւ այսօրվա համար հանդիպման հստակ տեղ եւ ժամ են ֆիքսել։ Ժամեր անց Հայկ Մամիջանյանյանը նորից է զանգել Սեյրան Օհանյանին եւ ասել, որ մոռացել են՝ այսօր կարեւոր միջոցառում ունեն եւ առաջարկել է հանդիպման ժամը կամ օրը փոխել։ Պայմանավորվել են վաղը՝ հուլիսի 11-ին հանդիպել, կոնկրետ ժամ եւ տեղ են պայմանավորվել։ Այնպես որ Նարեկ Մալյանին ասեք՝ հանգիստ մնա»։


Արեգ Մարգարյան



 
 
1/2990
bottom of page