top of page

Դատավորներից մեկին տեսա, ասում է՝ ծանրաբեռնված եմ, ասում եմ՝ ԱԲ կիրառի. ես էլ եմ կիրառում. Վլադիմիր Վարդանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 12
  • 1 min read


Արհեստական բանականությունը դարձել է փաստաբանների կողմից շատ ակտիվ օգտագործվող միջոց, այսինքն՝ միջին փաստաբանը կարող է շատ ավելի ակտիվ և արագ աշխատել, քան պետական համակարգը: Եթե պետական համակարգը չորդեգրի արհեստական բանականության գործիքների օգտագործման հնարավորությունը, սա վաղ թե ուշ հանգեցնելու է համակարգի պարալիզացմանը։ Այս մասին «Դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: 

«Այսինքն՝ փաստաբանն ունակ կլինի օրական հարյուրավոր հայցեր ներկայացնել, իսկ պետական համակարգը չի կարողանա արձագանքել»,-նշեց նա:

Վարդանյանը հարց ուղղեց իր գործընկերներին, ասելով՝ ովքե՞ր են դատական գործերի քննության ընթացքում արհեստական բանականության գործիքներ կիրառում: Նա անկեղծացավ, ասաց, որ ինքն էլ է օգտագործում, մի քանիսը ևս ձեռք բարձրացրին:

«Դատավորներից մեկին տեսա, ասում է՝ ծանրաբեռնված եմ, ասում եմ՝ արհեստական բանականության գործիքներ օգտագործի, ասում է՝ ես այդքան ժամանակ չունեմ սովորելու: Մեկ օր պետք է ծախսել՝ հասկանալու, թե այդ աշխատանքն ինչպիսին է, որ կարողանաս օգտագործել»,-հավելեց նա:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ դատավորը պետք է լինի ծանրաբեռնված, բայց դատավորին պետք է ազատել ամենօրյա մեխանիկական գործառույթներից, որոնք կարելի է անել արհեստական բանականության միջոցով:

 
 
bottom of page