top of page

Դատախազը միջնորդեց կալանավորել Արշակ Սրբազանին, դատավորը՝ մերժեց

  • 4 hours ago
  • 1 min read


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  ընթացող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական նիստում դատախազ Ալիսա Բոյաջյանը միջնորդեց Սրբազանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի կալանավորումը։ 

Դատախազը հայտարարեց, որ Սրբազանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցը՝ վարչական հսկողությունը, չի ապահովում քրեական վարույթի  նպատակների իրականացումը,  առկա են օրենքով նախատեսված այնպիսի ռիսկեր, որոնք կարող են չեզոքացվել բացառապես կալանքի կիրառմամբ։

«Մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելը ստեղծում է իրական և բարձր հավանականություն, որ նա կազդի վկաների, այլ անձնաց վրա նրանց ցուցմունքները խեղաթյուրելու նպատակով, կարող է ձեռնարկել քայլեր ապացույցները ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։

Կիրառված խափանման միջոցն անբավարար է, չի չեզոքացնում նրա ազդեցության և կապերի օգտագործման հնարավորությունը»,- ասաց դատախազը՝ միջնորդելով Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխել և կիրառել կալանք։ 

Սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանն ասաց, որ բոլորն ականատես են լինում քաղաքական հետպանդման ծայրաստիճանի բնույթի։ 

Արշակ Սրբազանն ասաց. «Զգացված եմ հարգարժան մեղադրողի  հաճոյախոսություններից, բնութագրվեցի որպես ազդեցություն, հեղինակություն ունեցող։  Տարօրինակ էր՝ ենթադրյալ այդ հեղիկանությունն ու ազդեցությունը բացասական լույսի ներքո ներկայացնելու ցանկությունը։

Ոչինչ չունեմ արած, որի հետքերը մաքրելու, ապացույցները ջնջելու համար ջանքեր գործադրեմ»։ 

Դատավոր Արթուր Ադամյանի որոշմամբ, Արշակ սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը մնաց անփոփոխ։ 

Հիշեցնենք, որ Արշակ  Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել, իբր թե  այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այդ թմրամիջոց իրեղեն ապացույցն անհետացել է քննչական մարմնից։ Այս գործով Սրբազանին 3 ամիս կալանավորված է եղել։ 

 
 
1/2680
bottom of page