ՆՈՐԻՑ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԱ՞Լ
- Elen Hovsepyan

- Jan 27
- 2 min read

Մեր տեղեկություներով՝ երբ հունվարի 18-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում՝ հերթական կեղծ պատարագի ժամանակ, մի չարենցավանցի մոտեցել է Նիկոլ Փաշինյանին, եւ խնդրել է, որ Չարենցավան քաղաքի անձնագրային բաժանմունքը եւ Չարենցավանի կինոյի տունը վերադարձվի համայնքին: Փաշինյանն անձնագրայինի մասով բան չի ասել, բայց պատասխանել է, որ կինոյի տան հետ կապված դատախազությունը կզբաղվի:
Չարենցավանցիները մեզ պատմեցին, որ դեռ տարիներ առաջ կինոյի տունը ուզում էին հատկացնել Եհովայի վկաներին, բայց քանի որ շենքը գտնվում էր պետգույքի վարչության, այսինքն՝ պետության բալանսում, այն 2003 -2004 թվականներին պետգույքից գնել է Հայ առաքելական եկեղեցին: Դեռ 2018 թվականին չարենցավանցի մի խումբ ընդիմադիր ակտիվիստներ բարձրացրել էին կինոյի շենքի խնդիրը, որ այն <վերադարձնեն համայնքին>: Իշխանության եկած ՔՊ-ականներին այդ ժամանակ դեռ չէր հետաքրքրում այդ հարցը: Հիմա, երբ Փաշինյանը գործում է ընդդեմ եկեղեցու, շենքի հարցը կրկին ասպարեզ է եկել եւ այն Եկեղեցուց վերցնելու գործընթաց են սկսել, ինչի դեմ պայքարում են չարենցավանցիները։
2025 թվականի օգոստոս ամսին Չարենցավանի ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Գալստյանը հենց կինոթատրոնի շենքի դիմաց անցկացրեց բողոքի ակցիա՝ պահանջով, որպեսզի շենքը վերադարձնեն համայնքին և վերականգնեն նախկին կինոթատրոնը: Գալստյանը չարենցավանցիներին հայտարարել էր, որ կուսակցական ոչ մի ենթատեքստ չկա այդ հավաքի մեջ և բոլորին կոչ էր արել միանալ այս հավաքին։ Ակցիային հաջորդել էր Կոտայքի թեմի հայտարարությունը Չարենցավանի կինոթատրոնի շենքի մասին.
«Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ, Չարենցավան քաղաքի հարգարժան բնակիչներ, Կոտայքի թեմը խորին երախտագիտություն է հայտնում ձեզ՝ տարիների ընթացքում ցուցաբերած ձեր համբերության, հավատարմության և հոգատար վերաբերմունքի համար, որը մշտապես մեզ զորացրել է մեր հոգևոր և մշակութային առաքելության ճանապարհին։ Տարիներ առաջ Չարենցավան քաղաքի կինոթատրոնի շենքը հանձվեց Կոտայքի թեմին՝ նպատակ ունենալով վերածել այն համայնքի կարիքների համար ծառայող եկեղեցապատկան կենտրոնի։ Ցավոք սրտի, ֆինանսական սահմանափակումների պատճառով երկար ժամանակ հնարավոր չի եղել իրականացնել շինության վերանորոգումը և դրա գործարկումն ըստ նպատակի։ Մենք լիովին հասկանում ենք ձեր սպասումը և այդ հարցում ունեցած ցավն ու մտահոգությունը։ Այսու տեղեկացնում ենք բոլոր մտահոգ քաղաքացիներին, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և Կոտայքի թեմն ունեն մշակած ծրագիր, ըստ որի՝ կինոթատրոնի շենքը նախատեսվում է վերականգնել որպես մանուկների կրթության և մշակութային կենտրոն։ Այս կենտրոնը կծառայի մեր մանուկներին՝ դառնալով քրիստոնեական դաստիարակության, ստեղծագործ մտքի և ազգային արժեքներով լցվելու օջախ։ Այս ծրագիրն արդեն ընթացքի մեջ է։ Վստահ ենք, որ համատեղ ջանքերով և Աստծո օգնությամբ առաջիկայում այն անպայման կիրականացվի և Չարենցավանի սրտում իր դռները կբացի վերանորոգված և կյանքով լի մի կենտրոն, որից կօգտվեն հարյուրավոր ընտանիքներ»։ Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդը Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն է, ով անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը եւ նրա <բարեներոգման խորհրդի> անդամ է։
Օրեր առաջ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն իր ելույթում իրենց բնորոշ ցինիկ ոճով անդրադարձել էր Չարենցավանի կինոյի տանը եւ ասել. «Կտրիճի ինչի՞ն է պետք Չարենցավանի կինոյի տունը, որ «Ագենտ 044»–ը ցուցադրի՞ գողացված Գեղարդի մասին, թե՞ Արշակ Սրբազանի մասին տեսանյութերը»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժնից փորձեցինք ճշտել, արդյո՞ք իրավական գործընթաց է սկսվել Չարենցավանի կինոյի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով: Մայր Աթոռից մեզ հայտնեցին, որ Չարենցավանի կինոյի տունը Մայր Աթոռի սեփականությունն է, եւ շենքի հետ կապված որեւէ գրություն դատախազությունից չեն ստացել:




















