top of page

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում որոշակի առաջընթաց են գրանցել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read
ree

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում որոշակի առաջընթաց են գրանցել Վաշինգթոնի կողմից առաջարկված «խաղաղության ծրագրի» շուրջ հնարավոր համաձայնագրի հասնելու ուղղությամբ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին։

Բանակցություններին անմիջականորեն մասնակցող ամերիկացի պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը, բանակի նախարար Դանիել Դրիսքոլը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կիրակի օրը Ժնևում ԱՄՆ-ի առաքելության կազմում հանդիպում են ուկրաինական պատվիրակության հետ։ Աղբյուրը հավելել է, որ Դրիսքոլը նաև շաբաթ օրը հանդիպել է ուկրաինական պատվիրակության հետ։ Պաշտոնյայի խոսքով՝ դրանք «արդյունավետ և կառուցողական» բանակցություններ էին։

Reuters-ը, նույնպես հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Ժնևում բանակցությունները մինչ այժմ «արդյունավետ և նույնիսկ համապարփակ են եղել որոշ ոլորտներում»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ իր հանդիպումը որակել է` որպես իր «լավագույնը, ամենաարդյունավետը և ամենակարևորը»։ Նա խոստացել է այսօր երեկոյան զեկուցել Թրամփի «խաղաղության ծրագրի» շուրջ Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքների մասին։ «Դեռևս կա որոշակի աշխատանք անելու, և մեր թիմերը այսօր երեկոյան կվերադառնան լրացուցիչ տեղեկատվությամբ», - Ժնևում ասաց պետքարտուղարը։

Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը նաև ասել է, որ կողմերը շատ լավ առաջընթաց են գրանցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ։

 
 
1/2438
bottom of page