«Նոա»-ից հեռանալու որոշումը սխալ էր. Ռուի Մոտա
- Elen Hovsepyan

- 2 days ago
- 7 min read

2024 թվականի ամռանը պորտուգալացի Ռուի Մոտան ստանձնեց «Նոայի» գլխավոր մարզչի ղեկը: Առաջին իսկ մրցաշրջանում երևանյան թիմը Մոտայի գլխավորությամբ դարձավ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, իսկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում սկսելով առաջին փուլից՝ հասավ լիգայի փուլ և դարձավ նման ճանապարհ անցած առաջին ու առայժմ վերջին թիմը: Փոխանցում է Լուրերը։
Ընթացիկ տարվա ամռանը, երբ «Նոան» պատրաստվում էր նոր մրցաշրջանին, հայտնի դարձավ, որ Մոտան ընդունել է բուլղարական «Լյուդոգորեցի» առաջարկն ու տեղափոխվում է Բուլղարիա, ինչն անսպասելի էր ու մեծ հարված հասցրեց «Նոային»:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մոտան հեռացվել է բուլղարական թիմից:
Ներկայացնենք մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հարցազրույցը Ռուի Մոտայի հետ
- Պարոն Մոտա, ուրախ եմ, որ կրկին Ձեզ հետ խոսելու հնարավորություն կա: Երբ Դուք գնացիք Հայաստանից, բացասական ալիք ստեղծեցիք Ձեր հետևից, որովհետև հասցրել էիք երկրպագուների սերն ու հարգանքը վաստակել, և, ինչն ամենակարևորն է, արդյունք կար: Կար հույս, որ Ձեր գլխավորությամբ «Նոան» այս մրցաշրջանում ավելի հեռուն կգնար: Բոլորին հետաքրքրող հարցը տամ. ինչո՞ւ գնացիք «Նոայից»:
- Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Իհարկե, ես հասկանում եմ, որ դա բոլորի համար անսպասելի էր: Ուզում եմ ազնիվ լինել ու ասել, որ ես կենտրոնացած էի «Նոայի» վրա»: Ես մի քանի առաջարկ եմ մերժել, այդ թվում՝ Պորտուգալիայից: Մենք տրանսֆերային շուկայում փնտրտուքների մեջ էինք, քանի որ ակումբի նախագահի հետ նոր նշաձող էինք սահմանել ու ցանկանում էինք թիմն ուժեղացնելով հասնել մեր նպատակներին: Անկեղծ լինեմ ու ասեմ, որ այդ ժամանակ որոշակի խնդիրներ կային, ու եղավ «Լյուդոգորեցի» առաջարկը: Հասկանում եք, երևի, որ դա այլ մակարդակի թիմ է: Այդ ժամանակ իմ որոշումը, գոնե ինձ համար, տրամաբանական էր. մեկ քայլ առաջ անել կարիերայում։ Բայց դա շատ-շատ, անչափ բարդ էր: Կարող եմ ասել՝ սկզբնական շրջանում, երբ ես աշխատում էի «Լյուդոգորեցում», շատ բարդ էր, քանի որ ես ամուր կապեր ունեի «Նոայի» նախագահի և խաղացողների հետ: Դա հեշտ քայլ չէր ինձ համար, բայց այդ պահին թվում էր, որ ճիշտ որոշում եմ կայացնում:
- Երբ ես գնացել էի «Նոայի» ակադեմիա, թիմի սեփականատերն ամեն ինչի մասին խոսելիս ասում էր՝ «Մարզիչն այսպես է ուզել»: Արժե՞ր այդ ամենը թողնել այս պահին:
- Լսեք, երբեք հեշտ չէ հեռանալ մի թիմից, որտեղ ամեն ինչ հիանալի է, որի հետ հաջողությունների ես հասնում, որի հետ ունես ամուր հարաբերություններ: Ես շատ, շատ ամուր հարաբերություններ ունեի ակումբի նախագահի հետ, և դրանք միայն ֆուտբոլով չէին սահմանափակվում: Իրականում շատ դժվար է բացատրել, թե ինչու այդ ժամանակ ես հեռացա «Նոայից»: Ինչպես արդեն ասացի, դա շատ բարդ որոշում էր ինձ համար, բայց երբեմն կայացնում ես ոչ ճիշտ որոշում, կամ քեզ թվում է, որ կայացրել ես ճիշտ որոշում, իսկ վերջում պարզվում է, որ իրականում սխալ որոշում էր: «Նոան» հրաշալի նախագիծ է: Մենք սպորտային առումով հրաշալի տարի ունեցանք: Ես ու իմ օգնականները տարբեր հարցերում շատ ենք օգնել «Նոային»: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որպեսզի կարողանանք նախագահի կողմից դրված նպատակներին հասնենք: Կյանքում պահ է գալիս, երբ դու մտածում ես, որ միգուցե, ինչ-որ բան կարող ես բաց թողնել կամ մեծ ռիսկի ես գնում, և ինձ համար այդ պահին կարիերայում առաջ քայլ անելը կարևոր էր:
- Տրամաբանական էր, որ ֆորս մաժորում գտնվելով՝ «Նոան» դժվար թե կարողանար արագ կողմնորոշվել ու համապատասխան մասնագետ բերել: Նման բաների մասին, օրինակ, մտածե՞լ եք:
- Իհարկե, ես հասկանում եմ, որ ակումբի, մասնավորապես՝ պարոն Վարդանյանի համար բարդ շրջան էր: Դժվար էր գտնել մասնագետի, որը կհամապատասխաներ նախագծին, որը «խնամքով» կմոտենար այդ երիտասարդ և ուշադրության կարիք ունեցող նախագծին: Ես դա հասկանում եմ: Կարող եմ ասել, որ ես էլ էի անհարմարություն զգում: Եվ, եթե կարողանայի ինչ-որ բան այլ կերպ անել, եթե կարողանայի օգնել ակումբին կամ տեղափոխությունը սահուն դարձնել, ավելի թեթև, ես դա կանեի: Բացի դրանից՝ ինձ համար շատ ծանր էր այդ ամենը թողնելը, ֆուտբոլիստներին թողնելը, որոնց ես շատ հարգում եմ, որոնց հետ մինչև այսօր հրաշալի հարաբերություններ ունեմ: Ինձ համար շատ ծանր էր բոլորին հերթով զանգել ու ասել, որ ես հեռանում եմ մի նախագծից, որի վրա միասին այդքան ուժ ենք ծախսել: Բայց ինչպես ես ասացի՝ ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում: Ես այդ ժամանակ ուշադրության կենտրոնում էի, և շատերն էին փորձում ինձ հրավիրել: Ինչպես արդեն ասացի, այդ ժամանակ ակումբում ամեն ինչ այնպես չէր, ինչպես ես կցանկանայի՝ ակումբի հետագա զարգացման տեսանկյունից: Այդ ամենն ինձ ստիպեց ընդունել «Լյուդոգորեցի» առաջարկը:
- Արդեն երկրորդ անգամ նշեցիք, որ ամեն ինչ Ձեր պատկերացրածով չէր․ ինչի՞ մասին է խոսքը: Խնդիրներ կայի՞ն:
- Ոչ, ամեն ինչ հստակ է: Փետրվարից կամ մարտից մենք սկսեցինք թիմն ուժեղացնելու մասին մտածել: Ես զգում էի, որ եթե նույն մակարդակի ևս 5-6 խաղացող հրավիրենք, կկարողանանք բավականին մրցունակ լինել եվրագավաթներում, նույնիսկ նոր մակարդակի բարձրանալ: Ցանկացած դեպքում, մենք ցանկանում էինք հայտնվել կա՛մ Եվրոպա լիգայի, կա՛մ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում, որովհետև հասկանում էինք, որ Չեմպիոնների լիգան այլ մակարդակ է: Այդ պահին մենք շատ մեծ ռեսուրս չունեինք: Տակուտոն այն եզակին էր, որն այդ պահին քիչ թե շատ պատրաստ էր, իսկ մրցաշրջանի մեկնարկին 4-5 օր էր մնացել:
- Վիճակահանությունների ժամանակ, մի քանի անգամ «Նոայի» դեմ խաղալու հնարավորություն կար: Մտածո՞ւմ էիք հնարավոր դիմակայության մասին: Ավելի ճիշտ կլինի հարցնել՝ ցանկանո՞ւմ էիք հանդիպել «Նոային»:
- Վիճակահանության ժամանակ օգնականներիս հետ կատակում էինք. ««Նոայի հետ ընկնենք, գնանք ու մրցենք, բայց դա ընդամենը կատակ էր, որը մենք խաղարկում էինք: Անկեղծ ասած, մենք դա չէինք ուզում: Ես շատ եմ հարգում այդ ակումբը, նախագահին, բայց «Նոայի» հետ խաղալ չէի ուզում: Կարելի է ասել՝ ուրախ եմ, որ վիճակահանությունն այդպես չստացվեց:
- «Նոայից» ոմանց հետ կապ պահո՞ւմ եք:
- Իհարկե: Ես, իմ տեխնիկական անձնակազմը, խաղացողները։ Իհարկե: Բաժանվելիս մենք միմյանց հաջողություն մաղթեցինք: Կային վնասվածք ունեցող խաղացողներ, որոնցով ես մինչև օրս հետաքրքրվում և աջակցում եմ, քանի որ ֆուտբոլում միայն պրոֆեսիոնալ հարաբերություններ չեն: Այստեղ պետք է լինեն նաև ընկերական հարաբերություններ, և ես ինչպես արդեն ասացի՝ մենք ֆանտաստիկ թիմ ունեինք, որտեղ մեկս մյուսի մասին հոգ էր տանում: Այն ինձ իմ ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում ուղեկցել է, ես այդպիսին եմ: Ինչպես ասացի, նախագահի հետ այլ մակարդակի հարաբերություններ ունեի: Գիտեք՝ նա շատ ծանր ընդունեց իմ որոշումը: Ցավոք, ինչ-որ պահի մենք կանգնեցինք իրար դիմաց, որպեսզի խոսենք այդ մասին: Ես հասկանում եմ նրա հիասթափությունը: Դուք էլ պետք է փորձեք ինձ հասկանալ: Ֆուտբոլում նորմալ է, երբ թիմը մարզչին հեռացնում է, իսկ երբ մարզիչը ցանկանում է հեռանալ, նորմալ չէ: Երբեմն այդպես լինում է: Էլի ասեմ, որ հարգում եմ նախագահին ու այն ամենը, ինչին նա հասել է:
- Ինչպես ես հասկանում եմ դուք սկզբունքային մարդ եք: Եթե հետագայում «Նոայից» առաջարկ լինի, կընդունե՞ք:
- Ինչպես ասացիք՝ սկզբունքային եմ: Այս պահին, կարծում եմ, ճիշտ չէ այդ հարցը քննարկել, քանի որ «Նոան» ունի գլխավոր մարզիչ, և նա աշխատում է:
- Եվս մեկ անգամ. Եթե «Նոան» մարզչի փնտրտուքների մեջ լինի, Ձեզ հրավիրի, կընդունե՞ք հրավերը: Հնարավո՞ր է դա:
- Այո: Դա կախված կլինի մի քանի գործոնից: Ես շատ հպարտ կլինեմ ակումբին զարգանալու հարցում օգնելով: Ինչո՞ւ չվերադառնալ ու շարունակել միասին զարգացնել այդ հիանալի ակումբը: Առաջարկի դեպքում անպայման կդիտարկեմ այդ տարբերակը:
- Ի՞նչ տեղի ունեցավ «Լյուդոգորեցում»: Ակումբը հայտարարել է, որ այլևս չեք մարզում թիմը: Ինչո՞ւ: Եվ, եթե ժամանակը հետ տալու հնարավորություն լիներ, նույն որոշումը կկայացնեի՞ք:
- Իրականում չեմ ուզել խոսել այդ մասին, թե ինչու այդպես ստացվեց, ու ինչու հեռացա: Առաջին հայացքից դա հրաշալի «փաթեթավորված տուփ» էր, որը բացելուց հետո պարզվեց, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ, ինչպես մտածում էինք, կամ ինչպես պետք է լիներ: Ես գիտեմ, որ շատ ոչ դուրեկան խոսակցություններ են եղել: Ասում էին, որ ես գումարի համար եմ գնացել «Լյուդոգորեց», բայց ես Ձեզ ասում եմ, որ դա իրականության հետ ոչ մի աղերս չունի: Ես մարզչական աստիճանի վրա մեկ քայլ ցանկանում էի բարձրանալ, բայց սա ֆուտբոլ է: Եթե հարցնում եք ինձ՝ «Նոայից» հեռանալու որոշումը ճի՞շտ էր, թե՞ ոչ, ապա կասեմ՝ ոչ, բայց այդ ժամանակ թվում էր, որ դա լավագույն որոշումն է: Կյանքն է այդպիսին: Այդ որոշումն ինձ համար բարդ էր ոչ միայն աշխատանքի տեսանկյունից, այլ նաև՝ անձնական: Երբեմն լավ որոշում ես կայացնում, որը հետագայում պարզվում է, որ այդպես է: Երբեմն լավ որոշում ես կայացնում, որը հետագայում պարզվում է, որ այդպես չէ: Սխալվելը նույնպես իմ կարիերայի մի մասն է: Ես մեծ ամբիցիաներով մարզիչ եմ: Ես ցանկանում եմ հասնել մեծ բարձունքների, և, այո, կյանքում ճանապարհին հայտնվում են խոչընդոտներ, որոնք պետք է շրջանցել: Կյանքում այդպես է. միշտ չէ, որ ամեն ինչ մեր ուզածով է լինում:
- Հետևո՞ւմ եք «Նոայի» խաղերին և ի՞նչ կարծիք ունեք թիմի խաղի ու արդյունքների մասին:
- Իհարկե, հետևում եմ «Նոայի» խաղերին: Կարելի է ասել, որ այդ թիմի երկրպագու եմ: Նայում եմ խաղերը, իհարկե, ոչ բոլոր, քանի որ 3-4 օրը մեկ խաղ կա: Հետևում եմ նաև Հայաստանի հավաքականի խաղերին: Հետևում եմ նաև Հայաստանին վերաբերող լրահոսին: Ես Ֆանտաստիկ մեկ տարի եմ ունեցել: Ես սիրում եմ Երևանը, սիրում եմ Հայաստանը և անընդհատ ուզում եմ իմանալ, թե ինչ է կատարվում ձեր երկրում: Ինչ վերաբերում է արդյունքներին, գիտեք, նախորդ տարին ֆանտաստիկ էր: Մենք հաղթեցինք առաջնությունում և գավաթի խաղարկությունում, պրեմիեր լիգայի առաջին տիտղոսը նվաճեցինք «Նոայի» համար, առաջին անգամ «Նոան» եվրագավաթային խաղարկության հիմնական փուլում խաղաց, ներքին առաջնությունում մի շարք ռեկորդներ սահմանեցինք: Այդ ամենից հետո նշաձողը պահելը դժվար է: Ցավոք սրտի, թիմի գործերն այնքան էլ լավ չեն, շատերի սպասելիքները չեն արդարանում: Ես ցանկանում եմ, որ թիմն ամեն խաղում հաղթի:
- Հիմա, երբ արդեն Հայաստանում չեք, կխոսե՞ք հայկական ֆուտբոլի բացահայտ խնդիրների մասին:
- Դա շատ բարդ հարց է, քանի որ ամբողջությամբ տեղյակ չեմ ֆեդերացիայի գործունեությունից, չգիտեմ այդ կառույցի ֆինանսական հնարավորությունները: Չեմ պատրաստվում քննադատել ֆեդերացիային, որովհետև ես նրանց տեղում չեմ, որովհետև ամբողջական պատկերն ինձ համար պարզ չէ, բայց կան մի քանի կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Դա ֆուտբոլի մասսայականացումն է. այն, ինչ անում է պարոն Վարդանյանը: Նա ստեղծում է հրաշալի պայմաններ, աշխատանքային լավ համակարգ, չի խնայում ոչինչ գլխավոր թիմի և ակադեմիայի համար: Նա հայկական ֆուտբոլը զարգացնելու հիանալի տեսլական ունի: Լավ մարզիչներ հրավիրելով՝ նա նաև նպաստում է վերջիններիս փորձի փոխանցմանը տեղի երիտասարդ մարզիչներին: Ես չեմ ասում, որ տեղի կադրերը լավը չեն: Ոչ, պարզապես նրանց կրթվելը կբերի պատանի ֆուտբոլիստների շատ ավելի լավ սերունդ ունենալուն: Մարզչական կրթությունը շատ կարևոր է Ձեզ համար: Այստեղ պետք է ներդնում ունենա նաև կառավարությունը, որը պետք է ֆինանսավորի սպորտի ոլորտը, բայց սա մի բան է, որը պետք է երկրի զարգացմանը համահունչ լինի: Կարևոր է նաև երկրպագուներին ստադիոն բերելու գործընթացը: «Նոայում» ստեղծվել էր այնպիսի միջավայր, որ խաղից խաղ ավելի շատ մարդ էր գալիս ստադիոն, քանի որ մթնոլորտը հիասքանչ էր: Մարդը ցանկանում է լինել այնտեղ, որտեղ դրական մթնոլորտ կա: Բացի այս ամենից՝ եթե շատ թիմեր ունենան ուժեղ խաղացողներ, թիմերի միջև մրցակցությունը կմեծանա: Հենց սա է պետք ձեզ. մրցակցություն: Կարևոր է նաև խաղադաշտերի որակը: Լինում էին դեպքեր, երբ խաղադաշտի որակը չէր համապատասխանում պրոֆեսիոնալ հանդիպմանը: Խնդիր են նաև արհեստական խաղադաշտերը: Նոր բարձրակարգ ֆուտբոլիստներ հրավիրելու տեսանկյունից դա շատ կարևոր է: Նորմալ է, եթե դրանք վերջին սերնդի արհեստական խոտածածկով խաղադաշտեր են, բայց Հայաստանում այդպես չէր: Երբ խաղադաշտը վատն է, կամ խոտածածկն արհեստական է, ֆուտբոլիստներն այդ ամենը տեսնելով՝ հրաժարվում են գալ տվյալ առաջնություն: Այդ տեսանկյունից, ենթակառուցվածքները պետք է լավացնել: «Նոան» հիմա դա անում է, բայց միայնակ արդյունքի հասնել չի կարող: Մյուս թիմերը ևս այդ տեսանկյունից պետք է ակտիվանան: Նրանք միասին պետք է անցնեն այդ ճանապարհը, որպեսզի զարգացնեն հայկական ֆուտբոլը: Ես հուսով եմ, որ դա տեղի կունենա:
- Վերջում մի քանի բլից հարց.
- «Նոա՞», թե՞ «Լյուդոգորեց»։
- «Նոա»։
- Երևա՞ն, թե Ռազգրադ։
- Երևան, միանշանակ։
- «Նոայի» ամենատաղանդավոր ֆուտբոլիստը։
- Իմրան Օլադ Օմար և Վիրջիլ Պինսոն։ Իսկ պոտենցիալով՝ Ֆոֆանա Բիլալ, Ալեքսեյ Պլոշադնի, Զավեն Խուդավերդյան։
- «Նոայի» առաջատարը խաղադաշտում։
- Գուստավո Սանգարե, Գոնսալու Գրեգորիու և Էլդեր Ֆերեյրա։
- «Նոայի» առաջատարը հանդերձարանում։
- Օգնեն Չանչարևիչ, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Միլկովիչ (այժմ «Փյունիկում» է) և Էլդեր Ֆերեյրա։
- Շնորհակալ եմ զրույցի համար:
- Ես եմ շնորհակալ Ձեր հետաքրքրության համար:




















