top of page

Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի համար. Փաշինյան

1 hour ago
2 min read


Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի համար: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2025 թվականի օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և անձնական մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար։

Այս առիթով նախ ուզում եմ անդրադառնալ՝  ինչին նախագահ Թրամփը երկու օր առաջ հղում արեց այս ամբիոնից։ Այո ասել եմ և հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական ներգրավվածության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության։

TRIPP նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Վաղ 90–ականներից ի վեր առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ Չնայած, պետք է ընդգծել, որ 2025 թվականի օգոստոսի 8–ի Խաղաղության գագաթնաժողովից հետո Ադրբեջանն իր երկաթուղին բացել է Հայաստանի համար, և հիմա մենք Վրաստանի տարածքով երկաթուղային կապ ունենք Ադրբեջանի հետ։

TRIPP նախագծի իրագործումը Հայաստան–Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետև Հայաստանն իր հյուսիսային և հարավային շրջանների միջև երկաթուղային կապ չունի, և դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության Նախջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով։

Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավիրված երկաթուղային հատվածները, և իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն։

Բայց սա ունենալու է նաև հսկայական միջազգային նշանակություն, որովհետև նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը։

TRIPP նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետև այսպիսով՝ երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպական միության միջև։

Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության Նախջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային կապի վերականգնումը՝ վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Սա կարևոր նրբություն է, որովհետեւ ցույց է տալիս, թե ինչո՞ւ և ինչպե՞ս է TRIPP նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության և խաղաղության անկյունաքար դառնալ, առավել ևս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Շուրջ 35 ամյա կոնֆլիկտից հետո հիմա մենք քննարկում ենք TRIPP նախագծի շրջանակներում արևելքից արևմուտք երկաթուղուց բացի խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ կառուցելու հարցերը, և սա հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ամբողջ Հարավային Կովկասը դառնա Խաղաղության խաչմերուկ»,- ասել է Փաշինյանը:

 
 
1/2938
bottom of page